11 հունիսի 2013 - 10:36 AMT
ՍԴ-ն հետաձգեց Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումի հիման վրա գործի քննությունը

ՀՀ սահմանադրական դատարանն այսօր որոշեց հետաձգել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումի հիման վրա գործի քննությունը, որով վիճարկվում էր ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի և 26-րդ հոդվածի 2-րդ մասի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանությունը:

Դատարանը գործը որոշել է քննել գրավոր ընթացակարգով, պատասխանող կողմը ՀՀ Ազգային ժողովն է՝ որպես օրենսգիրքը ընդունած մարմին: Րաֆֆի Հովհաննիսյանի շահերը ներկայացնում են ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը և փաստաբան Կարեն Մեժլումյանը:

Գործով զեկուցող նշանակված ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը նիստի սկզբում հայտարարեց, որ առաջարկում է գործի քննությունը հետաձգել երկու շաբաթով՝ պատճառաբանելով, որ լրացուցիչ փաստաթղթերի և միջազգային փորձի ուսումնասիրության անհրաժեշտություն կա: Դատարանն անմիջապես քննարկեց առաջարկը, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն ասաց, որ չի կարծում, թե լրացուցիչ ուսումնասիրությունը բարդություն կստեղծի: Նա նշեց, որ միայն ժամկետի հետ կապված խնդիր կա, քանի որ այդ ընթացքում իրենք այլ գործի քննություն ունեն, այդ օրերին նաև նախատեսված է միջազգային ֆորում: Դատարանը, այս հանգամանքը հաշվի առնելով, որոշեց գործի քննությունը հետաձգել մինչև հուլիսի 16-ը: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 16-ին, ժամը՝ 10:00-ին:

Նշենք, որ ՀՀ ԸՕ 18-րդ հոդվածի 5-րդ մասը վերաբերում է թեկնածուների և համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների /դաշինքների կողմից ընտրական շտաբների ձևավորմանը և դրանց վրա ցուցանակների տեղադրմանը:

Իսկ ՀՀ ԸՕ 26-րդ հոդվածի 2-րդ մասը վերաբերում է թեկնածուների, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների/ դաշինքների զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության իրականացման, դահլիճների, տարածքների վարձակալման, քարոզչական պաստառների պատրաստման (տեղադրման), քարոզչական տպագիր և այլ նյութերի ձեռքբերման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի (ներառյալ` տպագիր նյութերի) պատրաստման ֆինանսավորման կարգին: