1 փետրվարի 2006 - 13:50 AMT
Ն.Մամեդով. Հարկավոր է համաձայնվել 2006 թվականին ղարաբաղյան խնդրի հնարավոր լուծման մասին պնդումներին
«Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման մեջ շահագրգռված երկրների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարները եւ ներկայացուցիչները, հաշվի առնելով բանակցությունների ինտենսիվությունը անցյալ տարվա ընթացքում, հակված են դիտարկել 2006 թվականը որպես այդ հակամարտության կարգավորման տարի: Իրականում հարկավոր է համաձայնվել այդ պնդումների հետ, քանի որ մինչ այժմ Ադրբեջանի կառավարությունը լուրջ ջանքեր է գործադրել այդ խնդրի կարգավորման համար: Դա հանգեցրեց Ադրբեջանի դիրքորոշման ամրապնդմանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերում աշխարհի տարբեր երկրներում եւ միջազգային կազմակերպություններում»,-հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջազգային կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը:

Նրա խոսքերով, Ադրբեջանը «արտահայտվում է այդ խնդրի խաղաղ կարգավորման օգտին, միջազգային կազմակերպությունները եւս ավելի շահագրգիռ են դարձել կարգավորման հարցում»: «Եթե մենք դիտարկենք Ադրբեջանում եւ Հարավային Կովկասում առկա գործընթացները, ապա կտեսնենք, որ ողջ համաշխարհային հանրությունը շահագրգռված է այս տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման մեջ եւ այդ պատճառով ձգտում է կարգավորել հակամարտությունը: Իհարկե, լավ կլիներ, եթե այդ հետաքրքրությունը վերաճեր պահանջի: Սակայն այժմ, հաշվի առնելով բոլոր հանգամանքները, մենք հուսով ենք, որ հայկական կողմը եւս ճիշտ կգնահատի իրավիճակը եւ կառուցողական մոտեցում կցուցաբերի հակամարտության կարգավորմանը: Եթե դա իրոք տեղի ունենա, ապա հնարավոր կդառնա առաջընթաց գրանցել հակամարտության կարգավորման հարցում: Հենց դա է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցելության նպատակը, որոնք Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ կքննարկեն այն հարցերը, որոնք պետության ղեկավարը քննակելու է Հայաստանի նախագահի հետ առաջիկա հանդիպման ժամանակ»,-նշել է նա, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը: