2 փետրվարի 2006 - 15:15 AMT
Կիեւը պատրաստ է խաղաղապահներ ուղարկել Լեռնային Ղարաբաղ
Ուկրաինան պատրաստ է խաղաղապահներ ուղարկել Լեռնային Ղարաբաղ, եթե նման որոշում կայացվի ՄԱԿ-ի կամ այլ միջազգային կազմակերպությունների կողմից: Այդ մասին այսօր Բաքվում լրագրողներին է հայտարարել Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Անատոլի Կինախը: Նշելով, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում անհրաժեշտ է քննարկել ԵԱՀԿ, Եվրամիության եւ այլ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, Կինախն ասել է.«Եվ եթե որոշում կայացվի Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ուժերի տեղակայման մասին, ապա Ուկրաինան, խաղաղապահ գործողությունների հարուստ փորձ ունենալով, պատրաստ է տրամադրել նաեւ իր հնարավորությունները` ՄԱԿ-ի եւ եվրոպական կառույցների համապատասխան որոշումների հիման վրա»: Կինախն ընդգծել է, որ Ուկրաինայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ մնում է անփոփոխ. «Ուկրաինան խստորեն կպաշտպանի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը, եւ անկասկած, Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը առաջին հերթին պետք է տեղի ունենա խաղաղ, ժողովրդավարական ճանապարհով»: Կինախը նշել է, որ այդ թեման նա երեկ քննարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ, իսկ այսօր` Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում են ուկրաինական ԶԼՄ-ները: