
Մայիսի 12-17-ը Հայաստանի մի շարք համայնքներում տեղացած կարկուտը մեծ վնաս հասցրեց Արմավիրի մարզի 46 համայնքների: ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Արմավիրի մարզի արտակարգ իրավիճակների հետևանքների գնահատման հանձնաժողովի հաշվետվությունների համաձայն` ամբողջովին կամ մասնակի վնասվել են 46 համայնքների գյուղատնտեսական դաշտերը և այգիները, տուժել է 12 800 ընտանիք, իսկ վնասի մոտավոր չափը կազմել է 25.268.56 մլրդ. ՀՀ դրամ կամ 60 մլն. ԱՄՆ դոլլար:
Հայկական Կարմիր խաչի ընկերությունն ու Արմավիրի մարզային մասնաճյուղի հետ ստեղծված Աղետներին արձագանքման թիմը կազմակերպվել են բազմաթիվ հանդիպումներ Արմավիրի մարզային իշխանությունների, համայնքապետերի, բնակչության, ինչպես նաև` այլ միջազգային կառույցների հետ: Արդյունքում, ՀԿԽԸ-ն որոշել է դիմել Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի Արտակարգ իրավիճակներին արձագանքման հիմնադրամին` կարկուտից առավել տուժած 14 գյուղական համայնքներին, որտեղ վնասը կազմում է 100 % և բնակվում են տուժած 7131 ընտանիք, մարդասիրական օգնություն տրամադրելու համար: Հայկական Կարմիր խաչի ընկերության դիմումը դրական դրական արձագանք է ստացել, և հատկացվել է մոտ 100 մլն. ՀՀ դրամ կամ` 224 400 շվեյցարական ֆրանկ՝ 4000 մարդու սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ տրամադրելու համար: Յուրաքանչյուր փաթեթի պարունակությունը հաշվարկված է բավարարելու տուժած ընտանիքների 3 ամսվա սննդի և հիգիենիկ պարագաների կարիքները: Հաշվի առնելով միջազգային չափորոշիչները, մշակվել են բաշխման սկզբունքները, յուրաքանչյուր փաթեթի պարունակությունը և շահառուների ընտրության սկզբունքները՝ առավել խոցելիներին աջակցելու համար: Մարդասիրական օգնության բաշխումը նախատեսվում է իրականացնել հուլիսի առաջին շաբաթվանից: