
Հինգերորդ գումարման Ազգային ժողովի գարնանային նստաշրջանն, ըստ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի, բավական բուռն գործունեություն ծավալեց, որը պայմանավորվեց հասարակական հնչեղություն ունեցող և կարևոր նախագծերով: Այսօր խորհրդարանում ավանդական ճեպազրույցների ժամանակ պատգամավորը հայտարարեց, որ անկախ նրանից, որ ընդդիմությունը քանակով քիչ է, սակայն ակտիվ և որակով մասնակցում է քննարկմանը:
«Պառլամենտարիզմն այս նստաշրջանում ինչ-որ չափով ավելի բովանդակային և ավելի որակյալ նշաձող ունեցավ: Վերջին քննարկումների ժամանակ ընդդիմությունը, ոչ իշխանական ուժերը կարողացան միասնական մոտեցումով հանդես գալ, որը խիստ կարևոր է»,- ասաց Ռուբեն Հակոբյանն ու հիշեցրեց իրենց ներկայացրած Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, որին բոլոր ոչ իշխանական ուժերը կողմ քվեարկեցին:
Նա շեշտեց, որ «Ժառանգություն» խմբակցությունը թվով քիչ է, բայց բավական ակտիվ է գործել: «Ցավոք, առայժմ բոլոր ոչ իշխանական ուժերը թվով այնքան չեն, որ մեր օրինագծերը օրենք դարձնենք»,- ասաց նա:
Անդրադառնալով 2012 թվականի բյուջեի կատարողականին, նա նշեց, որ պետության զարգացմանը խանգարում է չորս գործոն՝ կոռուպցիան, ինչ վերացման համար, ըստ պատգամավորի, այս ընթացքում որևէ քայլ չարվեց: «Մյուսը ստվերային տնտեսությունն է, որը բավական զգացնել է տալիս, այս ընթացքում որևէ տեղաշարժ չի արձանագրվել, հարկային դաշտ չի տեղափոխվել: Երրորդ հիմնական խոչընդոտը մենաշնորհն է՝ ի հաշիվ փոքր և միջին բիզնեսի: Եվ վերաջպես օրենքի գերակայության բացակայությունը: Պետությունը պատրաստ չէ դիմակայել պետության առաջ ծառացած մարտահրավերներին»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանն էլ կարծում է, որ ԱԺ-ն թատրոն չէ և այն փաստաթուղթը, որ ներկայացրել է Վերհսկիչ պալատը, որում հսկայական խախտումներ են արձանագրվել, բեմադրություն չէ, ապա այն բոլոր խմբակցությունների ղեկավարները իրենց ստորագրությամբ, որպես հաղորդում հացագործության մասին, պետք է հղեն իրավապահ մարմիններին: «Պետք է հետևողական լինեն, որ հայցեր ներկայացվեն դատարան՝ պետական շահի պաշտպանության հարցով, մարդիկ պետք է որպես մեղադրյալներ որակվեն: Եթե կան թալանչիներ, իսկ դա ակնհայտ է այդ փաստաթղթից, ապա նրանց նկատմամբ պետք է կիրառվեն պատժամիջոցներ»,- ասաց պատգամավորը:
Ռուբեն Հակոբյանն էլ աբսուրդ է համարում այն, որ ԱԺ գլխադասային հանձնաժողովը ՎՊ հաշվետվությանն այդպես էլ գնահատակն չտվեց: «Դա զավեշտ է, այն քննարկվել էր, և գոնե ազնվորեն ընդունեին և ասեին՝ շառ ու փորձանքից հեռու: Գլխադասային հանձնաժողովը ձեռքերը լվաց և հրաժարվեց եզրակացություն տալ: Ինչ-որ բան ամբողջությամբ և անկեղծ չի մատուցվում խորհրդարանին: Գլխադասային հանձնաժողովը ներկայանում է և ասում, որ ժամանակ չունեին քննարկելու: Այն, որ ինչ, որ բան այն չէ, դա այդպես է: Չեմ բացառում, որ իշխանության ներսում ինչ-որ ինտրիգներ, խաղեր են գնում»,- ասաց նա:
Ռուբեն Հակոբյանը նշեց, որ ԱԺ-ում փաստաթղթղի քննարկումները դեռ չեն ավարտվել և ԱԺ արտահերթ նիստում դրանք ավարտելուց հետո, երբ իսկապես պարզ դառնա, թե ինչ նպատակ է հետապնդում այդ հաշվետվությունը, խմբակցությունը կտա իր գնահատականը: