14 հունիսի 2013 - 12:53 AMT
Գովազդը Երևանում այսուհետ համահունչ կլինի կառույցների ու փողոցների ճարտարապետական ամբողջականությունը

Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի գեղարվեստի հանձնաժողովը հունիսի 13-ին կայացած նիստում քննարկել և միաձայն կողմ քվեարկությամբ հաստատել է Երևան քաղաքի գովազդային վահանակների տեղադրման առանձնահատկությունների և համաչափությունների վերաբերյալ սխեմայի նախագիծ-առաջարկը:

Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի մարտի 16-ի «2009 թվականի նոյեմբերի 18-ի N37-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» որոշման 5-րդ կետով սահմանվել է, որ շենք-շինությունների ճակատային հատվածների վրա թուլատրելի գովազդների տեղադիրը, չափը, գունային լուծումը և գովազդի պատրաստման համար օգտագործվող նյութերը որոշվում են համաձայն Երևանի քաղաքապետի կողմից հաստատված սխեմայի:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը, ներկայացնելով նախագիծը, նշել է, որ, հաշվի առնելով Երևանի ճարտարապետական տարբեր ոճերի համադրումը, մայրաքաղաքում արտաքին գովազդը իր տեսքով, կառուցվածքով և տեղադրմամբ պետք է չխախտի առանձին կառույցների ու փողոցների ճարտարապետական ամբողջականությունը: Ըստ այդմ մշակվել են գովազդային վահանակների տեղադրման հնարավոր վայրերը, հատվածները, որոնք չեն փակի ու ծածկի ֆասադային նախշերն ու ճարտարապետական այլ տարրեր, կլինեն պատուհաններից և դռներից որոշակի հեռավորության վրա: Արազ Բաղդասարյանը տեղեկացրել է նաև, որ այս օրերին լայն թափով մայրաքաղաքում իրականացվում է «Գովազդի մասին» ՀՀ օրենքի պահանջներին, ինչպես նաև Երևանի ավագանու համապատասխան որոշումներին հակասող գովազդային պաստառների և վահանակները ապամոնտաժում: Աշխատանքներին զուգահեռ տնտեսվարողներին ցուցաբերվում է անվճար խորհրդատվություն և մատուցվում անվճար դիզայներական ծառայություններ:

Այսուհետ տեղադրված և նոր տեղադրվելիք բոլոր վահանակները կհամապատասխանեցվեն գովազդային վահանակների տեղադրման առանձնահատկությունների և համաչափությունների հաստատված նախագծին: Առաջիկայում չափորոշիչներին հնարավոր կլինի ծանոթանալ նաև Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից:

Նշվել է նաև, որ մշակվում են գովազդների գունային լուծումների, մասնավորապես որոշակի նշանակության օբյեկտների, վահանակների պատրաստման նյութերի, լուսավորության և մի շարք այլ առանձնահատկությունների վերաբերյալ նախագծեր: Քննարկման ընթացքում հանձնաժողովի անդամները հանդես են եկել նաև առաջակությամբ` դիզայներական նոր առաջարկներ ներկայացնելու պահանջով, հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: