14 հունիսի 2013 - 17:22 AMT
Մինսկի խումբը պատմել է ԵԱՀԿ գործող նախագահին Ղարաբաղի շուրջ բանակցությունների ընթացքի մասին

Այսօր առավոտյան ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարան հանդիպում է ունեցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի ու Յան Քելիի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ, հայտնում է vchaspik.ua-ն:

Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան կարգավորմանն առնչվող հարցեր: ՄԽ համանախագահները պատմել են ԵԱՀԿ գործող նախագահին Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ բանակցությունների ընթացքի, ինչպես նաև վերջին հանդիպումների մասին Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների միջև:

Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել ԵԱՀԿ գործող նախագհի այցը Ադրբեջան ու Հայաստան հետաձգելու նպատակահարմարության մասին, ինչը կապված է այն կարևորության հետ, որը Ուկրաինան տալիս է հանդիպման առարկայական բովանդակությանը:

Գործող նախագահը հաստատել է, որ Ուկրաինան պատրաստ է առաջիկայում ևս աջակցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, գործող նախագահի անձնական ներկայացուցչի ջանքերին, ուղղված խաղաղ կարգավորմանը: