14 հունիսի 2013 - 19:59 AMT
ԼՂՀ ԱԳ նախարարը հարցազրույց է տվել France-24 հեռուստաընկերությանը

Հուլիսի 10-12 Ֆրանսիայում այցով գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հարցազրույց է տվել ֆրանսիական France-24 հեռուստաընկերությանը:

ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը պատասխանել է ղարաբաղյան հակամարտության նախապատմությանը, կարգավորման ներկա փուլին և հեռանկարներին, մարդասիրական խնդիրներին, Արցախում տնտեսական իրավիճակին վերաբերող մի շարք հարցերի:

Ներկայացնելով Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության առաջացման պատմությունը՝ Կարեն Միրզոյանը նշել է, որ 1988թ. ղարաբաղյան շարժումը ոչ միայն Հայաստանին միանալու, այլև մարդու իրավունքների, սոցիալական և տնտեսական իրավահավասարության համար մղվող պայքար էր: Սակայն, ինչպես նկատել է ԱԳ նախարարը, երիտասարդության, ուսանողների և աշխատավորների խաղաղ ցույցերին ի պատասխան Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում և Ադրբեջանի մնացած հայաբնակ քաղաքներում հայերի ջարդեր սկսվեցին, որոնց հետևեց անմիջապես Լեռնային Ղարաբաղի դեմ ուղղված ագրեսիան:

«Ադրբեջանն առաջին հերթին պետք է փոխի իր դիրքորոշումը. դա մի երկիր է, որն անընդհատ խորացնում է ամեն հայկականի նկատմամբ ուղղված այլատյացությունն ու ատելությունը»,- ասել է Կարեն Միրզոյանը:

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ հակամարտությունը ուժային լուծում չունի, և պատերազմը ողբերգական հետևանքներ կունենա ամբողջ տարածաշրջանի համար:

ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաև Արցախի տնտեսական իրավիճակին, գերակա ոլորտներում արձանագրված ձեռքբերումներին և զարգացման հեռանկարներին:

Անդրադառնալով մարդասիրական հարցերին՝ ԱԳ նախարարն ուշադրություն է հրավիրել Արցախում ապրող հայ փախստականների խնդրին, ովքեր, ի տարբերություն ադրբեջանցի փախստականների, զրկված են միջազգային աջակցությունից: Կարեն Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ վաղ թե ուշ գտնվելու է հիմնախնդրի լուծումը, որը կապահովի երկու անկախ պետությունների՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի անվտանգ զարգացումն ու բարգավաճումը:

Միևնույն ժամանակ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Ադրբեջանի հետ հակամարտության վերջնական կարգավորումը հնարավոր է միայն բանակցություններին ԼՂՀ լիարժեք մասնակցության դեպքում: