
Ռիման արդեն մի քանի ամիս է ապրում է ՍՕՍ մանկական գյուղում: Մենակ չի եկել, քույրն ու եղբայրն իր հետ են: Մի քանի ամիս առաջ նրանց փոքրիկ ընտանիքը հավաքեց իրերն ու «Զատիկ» մանկատնից տեղափոխվեց այստեղ: Եկան ու միանգամից հավանեցին. ՍՕՍ մանկական գյուղում մայրիկ կա, իրենք ընտանիքում են ապրում: Հարազատ մոր մասին Ռիման ոչինչ չի պատմում, սեղանին էլ նկար կա` ինքն է մի տղայի հետ, նկարի մասին էլ չի խոսում, բայց երկար ժպտում է նայելուց: Այդ մասին գիտի միայն մոտ ընկերուհին` Մարիամը: Նրանք իրար ամեն ինչ պատմում են, Մարիամը Ռիմային շատ է սիրում, միայն դժգոհում է, որ նեղացկոտ է:
Երբ Ռիմային հարցրեցինք իր երազանքների մասին, ասաց, որ ոչ մի երազանք չունի, հետո երբ արդեն տեսախցիկն անջատված էր, պատմեց, որ իր երազանքների մասին չի ուզում բարձրաձայն խոսել, վախենում է չկատարվեն. «Ամենակարևոր բաները միայն մտքումս են»: Ամենակարևորներն այդպես էլ չասաց: Մի երազանք ունի, որի մասին չի վախենում խոսել. ուզում է «սամակատ» ունենալ:
Ռիմայի ընկերներն ասում են, որ նա գրեթե միշտ լուռ է:
ՍՕՍ մանկական գյուղում այս պահին 64 երեխա է ապրում: ՍՕՍ ընտանիքներում կա 6-7 երեխա, որոնց խնամում է ՍՕՍ-մայրիկը: