3 փետրվարի 2006 - 18:42 AMT
Ղարաբաղում չեն կարծում, որ 2006 թվականին հակամարտությունը կարող է կարգավորվել
2006 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հազիվ թե կարգավորվի: Այդ մասին ղարաբաղյան «Բաց հասարակություն» ոչ կառավարական կազմակերպության կողմից կազմակերպված Կլոր սեղանի ժամանակ, որին մասնակցել են խորհրդարանական խմբակցությունների, Լեռնային Ղարաբաղի կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների ղեկավարները, հայտարարել է «Ազատ Հայրենիք» կուսակցության համանախագահ, ԼՂՀ Ազգային Ժողովի պատգամավոր Արթուր Թովմասյանը: Պատգամավորը բացառում է նաեւ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը առաջիկա 10-20 տարվա ընթացքում, քանի որ «Ադրբեջանը գտնվում է ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի քաղաքական եւ տնտեսական ազդեցության տակ, եւ չի կարող պատերազմ սկսել»: Ընդ որում պատգամավորն ավելացրել է, որ ադրբեջանական կողմը բարոյահոգեբանական տեսակետից շատ ավելի թույլ է, քան ղարաբաղյանը, եւ ղարաբաղցիները պատրաստ են հակահարված տալ ցանկացած նկրտումներին:

Ըստ պատգամավորի, խաղաղ գործընթացի առաջխաղացմանը խանգարում է նաեւ Բաքվի կտրուկ հակահայկական ճարտասանությունը: «Մենք ասում ենք ադրբեջանցիների մասին` «հակառակորդներ», իսկ նրանք մեզ «թշնամի» են անվանում,-ասել է Արթուր Թովմասյանը: Ընդ որում, նա մատնանշել է Թուրքիայի հստակ արտահայտված ադրբեջանամետ քաղաքականությունը ղարաբաղյան կարգավորման հարցում: «Թուրքիան ճանաչում է Կոսովոյի անկախությունը, սակայն պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,-տարակուսում է պատգամավորը: Արթուր Թովմասյանը համոզված է, որ Լեռնային Ղարաբաղը անպայման հանդես կգա որպես բանակցային գործընթացի կողմ: Ընդ որում նա կարծում է, որ ղարաբաղցիները չպետք է անհանգստանան Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ բանակցությունների փակ լինելու առնչությամբ, քանի որ, իր խոսքերով, Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուսալիորեն պաշտպանում է իրենց (ԼՂՀ) շահերը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: