
Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ Վերահսկիչ պալատի հաշվետվությունը վերաբերում է 2012 թվականին, նույն ժամանակահատվածում տեղի ունեցավ նաև կառավարության նիստը, որի ժամանակ Սերժ Սարգսյանը կառավարության քառամյա գործունեությունը «ատկատների», չարաշահումների, յուրացումների առումով գնահատեց շատ խիստ և բացասական: Դիմելով ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանին պատգամավորն ասաց.
«Հանկարծ մի քանի ամիս հետո այդ նույն կառավարությունը եկավ ղեկավարության՝ իշխող մեծամասնության առաջնորդի ձեռքով: Այսինքն, այդ նիստի ժամանակ արդեն հայտնի էր հաշվետվությունը և եթե դուք հերքում ՎՊ բացահայտումները, ուրեմն պետք է հերքեք նաև Սերժ Սարգսյանին: Եթե դուք ընդունեինք, այն ինչ գրված է հաշվետվության մեջ, կառավարությունը պետք է հրաժարական տար: Եթե չընդունեք, ապա կառավարությունը շարունակելու է նույն թափով փոշիացնել պետական միջոցները: Եթե հերքում եք ՎՊ-ին, պետք է հերքեք նաև Սերժ Սարգսյանի հայտարարությունը»:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Սերժ Սարգսյանն ասել էր, թե գլխից պիտի բռնեն, մեծերից: «Դուք եկել եք, ասում եք, որ ինչ-որ գյուղատնտեսության վարչության պետի եք բռնել: Դուք գտա՞ք, հա՞ էդ մեծին, որին պետք է բռնեիք»,- հարցրեց պատգամավորը:
Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ խոսք է գնում «ատկատների» մասին և ասաց, որ մամուլի բազմաթիվ հրապարակումների համաձայն՝ փոխվարչապետը «Տոյոտա Արմենիա» ընկերության սեփականատերերից է: «Պետական համակարգի մեծամասնությունն այսօր գնումներ է կատարում այդ ընկերությունից, ինչի արդյունքում դուք շահույթ եք ստանում: Դուք օրինական ճանապարհով ստանում եք շահույթ, ըստ էության այն ատկատն է, որի մասին խոսվում է»,- ասաց ՀԱԿ պատգամավորը:
Արմեն Գևորգյանը նախ պատասխանեց «Տոյոտա Արմենիա» ընկերության հետ կապված հարցադրմանն ու նշեց, որ ինքը մամուլում հերքել է այդ լուրերը: «Եթե ես չեմ սխալվում, պետական համակարգում մեքենաները գնվել են նաև այլ դիստրիբյուտերներից»,- ասաց նա:
Անդրադառնալով մյուս հարցին, Արմեն Գևորգյանը նշեց. «Մենք այսօր ոչ թե քաղաքական քննարկումներ ենք անում, այլ ՎՊ հաշվետվությունը, ասվածները կարելի է տարբեր ձևով մեկնաբանել: Նաև այնպես, ինչպես դու եք անում: Ես ՎՊ հաշվետվությանն ամփոփիչ գնահատական չեմ ներկայացրել, հերքում չեմ արել, ես ներկայացրել եմ մեր մեկնաբանություններն այն դրվագների վերաբերյալ, որոնք ներկայացված են հաշվետվության մեջ»:
Նիկոլ Փաշինյանը հակադարձեց. «Եթե ժամանակ գտնեք ու նայեք, նույնիսկ «վիքիլիքսյան» փաստաթղթերում եք դուք նշված որպես «Տոյոտա Արմենիայի» մեկ երրորդի սեփականատեր: Պետավտոտեսչությունը և ամենամեծ գնումներն արվել են այդ ընկերությունից: Իհարկե, սա ոչ միայն ձեր շնորհիվ, այլ ընկերության մյուս ոչ անհայտ սեփականատերի: Ի՞նչ եք արել Սերժ Սարգսյանի հանձնարականի արդյունքում, որ պետք է մեծերին գտնեք»:
Արմեն Գևորգյանը պատասխանեց շատ կարճ. «ՀՀ նախագահի տրված հանձնարարականների վերաբերյալ ՀՀ վարչապետը սպառիչ պատասխաններ տվել է»: