
Երևանի Խանջյան, Ալեք Մանուկյան, Տիգրան Մեծ փողոցներում այսօր դարձյալ խցանումներ են, որ արդեն մի քանի ժամ են տևում: Պատճառը Նար-Դոս փողոցում իրականացվող ասֆալտապատման աշխատանքներն են: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը նշեց, որ խցանումներից դժգոհողներն ասֆալտապատման աշխատանքներին պետք է ըմբռնումով մոտենան: «Հաճախ է նշվում, որ մայրաքաղաքի այս կամ այն փողոցն ասֆալտապատման կարիք ունի: Նար-Դոս փողոցի մասով պահանջներ էլ են եղել: Հիմա ասֆալտապատում ենք: Պետք է համբերատար լինել», - ասաց նա:
Իսկ այդ աշխատանքները ոչ պիկ ժամերին, օրինակ, գիշերը կազմակերպել, Գևորգյանի խոսքով, հնարավոր չէ. «Համապատասխան տեխնիկական հնարավորություններ այդ աշխատանքներն իրականացնող տնտեսվարողները չունեն: Իսկ քաղաքապետարանի կողմից նրանցից պահանջված որակյալ աշխատանքը հնարավոր է իրականացնել բացառապես ցերեկային լույսի ժամանակ: Մենք չենք էլ կարող գիշերն աշխատելու համար հարկավոր տեխնիկական հնարավորությունների պահանջ դնել, որովհետև դա լրացուցիչ ծախս կլինի»:
Գևորգյանը հիշեց նաև մոտ տասը տարի առաջ Բաղրամյան պողոտայում գիշերային պայմաններում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելու փորձը: «Լուսարձակների լույսի, աղմուկի պատճառով քաղաքացիների դժգոհություններ եղան», - ասաց նա:
Իսկ ոչ աշխատանքային օրերին շինարարները աշխատում են, պարապ չեն. Արթուր Գևորգյանը վստահ է` երեկ իր աչքով է տեսել: