
ՀՀ վերահսկիչ պալատի հաշվետվությունում խախտումները ծնող հանգամանքների մասին խորքային վերլուծություններ չկան, կարծում է ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը: Այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ նա հայտնեց, որ ոլորտում բարեփոխումներ կատարելու համար 2012թ.-ին իրականացվել են կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր:
Նախարարը նկատեց, որ հիմնական խախտումները արձանագրվել են նախագծերի պահանջների շրջանում, բարձրորակ նյութերի փոխարեն կիրառվել են ցածրորակ նյութեր: «Անվերջ խոսվում է ատկատների մասին` որպես խնդիրների հիմք, այն ինչ սա ուղղակի մակերեսն է: Մեր ուսումնասիրությունները պարզել են, որ խախտումները հետևանք են:
Փաստաթղթերի մշակման աշխատանքները շատ դեպքերում իրականացնում են կազմակերպության հետ առնչություն չունեցող անդամներ, մի մասնագետը կարող է մի կազմակերպությունում հանդես գալ որպես նախագծող, մյուսում` որպես փորձաքննող»,- ասաց Սամվել Թադևոսյանը և նշեց, որ պատճառը որակյալ մասնագետների բացակայությունն է: Նա նաև շեշտեց, որ տեխնիկական վերահսկողությունը իրականացվում է թերի և հաճախ ձևական բնույթ է կրում:
Նախարարը տեղեկացրեց, որ միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվել, որը շինարարական արժեքի վերաբերյալ կարգի սահմանում կիրականացնի: