
Սևանա լիճն այսօր մեզոտրոֆ վիճակում է, այսինքն՝ արդեն մեռնող չէ, վերակենդանանում է: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը: Նրա տվյալներով վերջին 10 տարվա ընթացքում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 3մ 78սմ-ով` այժմ կազմելով 1900մ 57սմ:
«Ինչքան էլ ուզենք բարձրացնել Սևանի մակարդակը, եթե չենք ապահովում մաքրությունը, մնացած միջոցառումները դառնում են ապարդյուն: Այս պատճառով Արարատի ոսկու գործարանը Սոթք չի տեղափոխվելու, որ թափոններից Սևանը պաշտպանեն», - նշեց Մովսիսյանը: Նա անդրադարձավ նաև տնտեսական գործունեության արդյունքում առաջացած աղբի մաքրման աշխատանքներին, կեղտաջրերի, աղբավայրերի խնդիրներին: Նշեց, որ շարժական կոմպակտ կայաններ տեղադրելու հարցն է պետք կարգավորել:
Իսկ ձկնային պաշարների կտրուկ անկման հարցը կարգավորելու համար հանձնաժողովն առաջարկում է 3 տարով արգելել արդյունագործական ձկնորսությունը: «Քանի դեռ մենք չենք կարգավորել ձկան անօրինական որսի իրականացումը, խնդիրը միշտ կլինի»: Եվ ձկնատեսակների արհեստական վերարտադրությունը լուծում չի կարող լինել:
Մովսիսյանն անդրադարձավ նաև Արփա-Սևան ջրատար թունելի վերանորոգման աշխատանքներին. «Թունելը փակել, վերանորոգել ու հետո գործարկել, հնարավոր չէր լինի: Այժմ մենք ջրառատ ամիսներին ջուր ենք տեղափոխում, ջրասակավ ամիսներին կատարվում են թունելի վերականգնողական աշխատանքները»: