
Արդեն մոտ երեք շաբաթ է, ինչ Կանադայի ողջ հայությունը և հատկապես մոնրելահայությունը բողոքի ձայն է բարձրացրել ընդդեմ անարդար մի որոշման, ըստ որի Կանադայի Հայ Առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ Բագրատ Սրբազան Գալստանյանը մայիսի վերջին կայացած եկեղեցական որոշման համաձայն պետք է լքի Կանադան, ուր ավելի քան տասը տարի հանդիսանում էր Հայ առաքելական եկեղեցու առաջնորդը: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են Կանադայի հայ համայնքի մի խումբ երիտասարդներ:Նրանց տարածած հաղորդագրության մեջ նշված է.«Իր անսահման նվիրվածությանբ Բագրատ Սրբազան Գալստանյանը մեծ ավանդ ունի Կանադայի հայ առաքելական եկեղեցու թեմի ամրապնդման և կանադահայության համախնբման գործում: Այդ փաստի վառ ապացույցներից է նաև այն, որ վերջերս նա արժանացավ «Diamond Jubilee Medal of Queen Elizabeth II» մեդալին: Դժգոհության ալիքը ավելի մոլեգնեց, երբ հայտնի դարձավ, որ մի խումբ մարդիկ, կուսակցական շահերը վեր դասելով եկեղեցականից, կազմակերպել են անարդար քվեարկություն: Սա ոչ հարգալից քայլ է ուղղված հայ եկեղեցու և նրա հետևորդների դեմ:
Չհանդուրժելով անարդարությունը` կանադահայությունը համախմբվել է ի պաշտպանություն Բագրատ Արբազանի: Արդեն կես ամսից ավելի է, ինչ գործում է ինտերնետային կայք, որի միջոցով ստորագրահավաք է կազմակեպվում ուղղված Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Տ.Տ. Գարեգին Բ վեհափառին կեղծված ընտրությունները չեղյալ համարելու պահանջով: Մենք ենք հայ եկեղեցին և Բագրատ Սրբազանը մեր առաջնորդն է. սա է կանադահայության պահանջը:
Վերահաստասելու համար պայքարի շարունակականությունը և Բագրատ Սրբազանի հանդեպ մեծ հարգանքը՝ կիրակի օրը՝ հունիսի 9-ին, պատարագի ժամանակ մոնրելահայությունը լուռ խաղաղ ցույց էր կազմակերպել Մոնրեալի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում: Պատարագի ավարտից հետո, ակցիայի մասնակիցները մոմավառությանբ և «Հայր Մեր» աղոթքով ներս մտան եկեղեցի` ավարտին հասցնելով իրենց ակցիայի առաքելությունը և հույս փափագելով, որ ի վերջո արդարությունը կթակի մեր դուռը: Ավաղ, լինի դա հայրենիքում թե օտար ափերում, սակայն երևի թե հայ մարդը այլևս դատապարտված է արդարության համար մղվող անվերջ պայքարի:
Այսօրվա պատարագին, որ վարում էր ինքը Բագրատ Սրբազանը, եկեղեցին լեփ-լեցուն էր, մարդիկ համակված են տխրությամբ և վրդովմունքով, քանի որ չեն համակերպվում այն փաստի հետ, որ պետք է հրաժեշտ տան Սրբազանին, այլ պահանջում են, որպեսզի վերջինիս հնարավորություն տրվի շարունակելու իր անգնահատելի և հայանպաստ ծառայությունը Կանադայում»: