18 հունիսի 2013 - 18:13 AMT
Հայաստանի տուրիզմին և Արցախին նվիրված օր՝ Մարսելում

Այսօր Ֆրանսիայի Մարսել քաղաքում ՀՀ սփյուռքի նախարարության և «Terre d` Armenie» կազմակերպության նախաձեռնությամբ «Ֆրանս-հայկական գերազանցության շաբաթ» ծրագրի միջոցառումների շրջանակներում անցկացվեց Հայաստանի տուրիզմին և Արցախի ներկայացմանը նվիրված օր, որի ընթացքում կայացավ Գեղարքունիքի և Լոռու մարզերը ներկայացնող ցուցադրություն:

Միջոցառմանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը և Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը:

«YAN Voyage» տուրիստական կազմակերպությունը ներկայացրեց Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների տուրիստական ոլորտները, Ղարաբաղում «ԱՐՑԱԽ» ՀԷԿ-ի ծրագրային նախագիծը՝ Րաֆֆի Բալոզյանը, իսկ «Սինոփսիս» ընկերության գործունեությունը՝ Հովիկ Մուսայելյանը:

Ցուցադրվեց ֆիլմ Արցախի մասին:

Շարունակվում է լիբանանահայ արվեստաբան Մովսես Հերկելյանի և հայ նկարիչների նվիրաբերած նկարների ցուցահանդես-վաճառքը, որը կտևի մինչև հունիսի 23-ը և նկարների վաճառքից ստացված ողջ հասույթը կտրամադրվի սիրիահայերի համար նոր թաղամասի կառուցման ֆոնդին:

Երեկոյան «Ֆրանս-հայկական գերազանցության շաբաթ» ծրագրի միջոցառումների շրջանակներում կկայանա Ֆրանսահայ Երիտասարդների միության (JAF) պարի և երգի խմբի համերգը: