
Երևանում այսօր մեկնարկեց «Մասնակցային ժողովրդավարությունը տեղական մակարդակում» թեմայով միջազգային համաժողովը, որը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության շրջանակում:
Համաժողովի ընթացքում կքննարկվեն ԵԽ անդամ երկրներում տեղական մակարդակում մասնակցային ժողովրդավարության հետ կապված ներկա իրավիճակը, մասնակցային ժողովրդավարության դերը` տեղական իշխանությունների գործունեության արդյունավետության բարձրացման հարցում, տեղական մակարդակում մասնակցային ժողովրդավարության ամրապնդման ուղիները, կներկայացվի նաև ԵԽ անդամ երկրներում այս ոլորտում առկա դրական փորձը:
Համաժողովի աշխատանքներին մասնակցում են Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Հերվիգ վան Շտաան, Կոնգրեսի երկու` տեղական իշխանության և տարածաշրջանների պալատների նախագահներն ու անդամները, ինչպես նաև Հայաստանի շահագրգիռ պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, միջազգային և տեղական փորձագետներ:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը համաժողովի մասնակիցներին ներկայացրեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի ուղերձը. «Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության նախագահության գերակայությունները սահմանելիս մենք հատուկ կարևորել ենք տեղական ժողովրդավարությունը, քանի որ այն հասարակության ժողովրդավարական զարգացման համար առանցքային բաղադրիչ է: Այս ուղղությամբ ուշադրություն ենք դարձնելու տեղական և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացներում քաղաքացիների մասնակցության մակարդակի բարձրացմանը»:
Նախագահը նաև նշել է, որ Եվրոպական փորձագետների մասնակցությամբ միջազգային նման ներկայացուցչական համաժողովը կարող է էական առաջընթացի համար նախադրյալներ ստեղծելու և աշխատանքների հետագա ուղղություններ նախանշելու լավ հարթակ հանդիսանալ։
«Վստահ եմ, որ համաժողովի ընթացքում կհաջողվի նոր մոտեցումներ մշակել համայնքային գործերին բնակչության մասնակցության համար մատչելի, գործնական ու արդյունավետ մեխանիզմներ ներդնելու հարցում։ Դրանք կարող են ներդրվել Եվրոպայի խորհրդի երկրների ազգային օրենսդրություններում` ապահովելով տեղական ժողովրդավարությանը բնակչության ավելի լայնաշերտ ու անընդհատ մասնակցության մակարդակ»,- նշված է եղել ուղերձում։
Իր ելույթում փոխվարչապետը Հայաստանում համաժողովի անցկացումը բացառիկ հնարավորություն համարեց` տեղական մակարդակում մասնակցային ժողովրդավարության վերջին զարգացումները քննարկելու համար: Նա նշեց, որ Հայաստանը կարևորում է տեղական ժողովրդավարության ամրապնդումը և հանդես է գալիս որպես այդ սկզբունքը կարևորող երկիր:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր խոսքում նույնպես բարձր գնահատեց համաժողովի նշանակությունը և քննարկվող թեման համարեց արդիական:
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Հերվիգ վան Շտաան իր ելույթում նկատեց, որ համաժողովը Հայաստանում և ԵԽ-ում Հայաստանի նախագահության ընթացքում կազմակերպելը պատահական չէ, քանի որ Հայաստանն այն երկրներից է, որ արդեն վավերացրել է Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի լրացուցիչ` տեղական ինքնակառավարմանը քաղաքացիների մասնակցության իրավունք սահմանող Ուտրեխտի արձանագրությունը: «Մասնակցության խնդիրը որպես գերակայություն ներառված է Կոնգրեսի` 2013-2016թթ. գործողություններում, որով մենք հաստատում ենք, որ ժողովրդավարության որակը կախված է ժողովրդավարական գործընթացներում քաղաքացիների մասնակցությունից»,-հայտարարեց նա:
Համաժողովի ընթացքում կկազմակերպվեն քննարկումներ հետևյալ` «Արդյոք այսօր տեղական ժողովրդավարությունը հնարավոր է առանց ուղիղ մասնակցության», «Մասնակցային մոդել. ուղիղ և ներկայացուցչական ժողովրդավարության միավորում», «Էլեկտրոնային ժողովրդավարություն. քաղաքացիական մասնակցության նոր ձևեր» թեմաներով:
Քննարկումների արդյունքները կամփոփվեն համաժողովի փակմանը` Հերվիգ վան Շտաայի և ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի կողմից, հայտնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը: