19 հունիսի 2013 - 13:42 AMT
Շարմազանով. «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագիրը կնպաստի, որ ՀՀ-ն միջազգային կրթական կենտրոն դառնա

«Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի իրականացումը կնպաստի Հայաստանի` միջազգային կրթական կենտրոն դառնալուն, համոզած է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Այսօր ԱԺ արտահերթ նիստում, անդրադառնալով ծրագրի հասցեին հնչած բոլոր քննադատություններին, նա հայտարարեց, որ քննարկումն իրեն հիշեցնում է «Հեքիաթն է կանչում» հաղորդումը. «Անհավանական տարբերակներ ու պատմություններ ենք լսում, թե ով ավելի վառ կներկայացնի «Գյուլնազ տատի» հեքիաթները»: Ըստ նրա՝ ընդդիմադիրները վարկածներ են առաջարկում, այնուհետև հերքում:

Անդրադառնալով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի այն դիտարկմանը, թե այս ծրագիրն «անթույլատրելի է»` Էդուարդ Շարմազանովն ասաց. «Հարգելի բարեկամ, անթույլատրելի է փաստերից զուրկ կարծիքների արտահայտումն այս ամբիոնից»:

Ըստ ԱԺ փոխնախագահի՝ իրականում տեղի է ունենում այն, ինչ-որ գրված է ՀՀԿ նախընտրական ծրագրում: «Մենք պետք է այնպես անենք, որպեսզի Հայաստանը դառնա տարածաշրջանային կրթական կենտրոն և խրախուսվեն արտաքին ներդրումները: Նման դպրոց կցանկանային ունենալ և Վրաստանում և Ադրբեջանում և հարևան այլ երկրներում: Մենք պետք է շնորհակալություն հայտնենք բոլոր ներդրողներին, շահագրգիռ անձանց, որ մեր երկրում ցանկանում են նման ծրագիր իրականացնել: Ինչ-որ մեկը դեմ է, որ Հայաստանը դառնա միջազգային կրթական կենտրոն, ինչ-որ մեկը դեմ է Հայաստանի համաչափ զարգացմանը: Սա ներդրումների խրախուսում է, գիտության և կրթության զարգացում, խնդրում եմ ձեզ` ցլի տակ հորթ մի փնտրեք»,-եզրափակեց ԱԺ փոխնախագահը:

Նշենք, որ ԱԺ գարնանային նստաշրջանի վերջին քառօրյայում խորհրդարանը հավանություն տվեց օրենքի նախագծին առաջին ընթեցմամբ: