19 հունիսի 2013 - 18:14 AMT
Ժնևում ընթացող համաժողովի ժամանակ թուրք պատվիրակը փորձել է պատասխանել Հրանուշ Հակոբյանին

Ժնևում շարունակվում է Միգրացիայի Միջազգային կազմակերպության կողմից «Միգրացիայի շուրջ միջազգային երկխոսության»(ՄՄԵ) շրջանակներում Սփյուռքի հարցերով նախարարական համաժողովը, որին մասնակցում է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Միջոցառմանը ավելի քան 60 երկրի ներկայացուցիչներ են մասնակցում:

Բացման խոսքով հանդես եկավ ՄՄԿ-ի գլխավոր տնօրեն, դեսպան Վիլիամ Լեյսի Սվինգը: Ողջունելով մասնակիցներին՝ նա կարևորեց նախարարական առաջին համաժողովի գումարումը այսպիսի մակարդակում, սփյուռք ունեցող եկրկների միջև փորձի փոխանակումը, երկխոսության ձևավորումն ու հարաբերությունների զարգացումը:

Համաժողովի ընթացքում քննարկումներ ծավալվեցին 3 հիմնական ուղղություններով` «սփյուռքները և հասարակությունները», «սփյուռքները և պետությունները», «սփյուռքները և զարգացումը»:

ՀՀ սփյուռքի նախարարը հանդես եկավ ելույթով «Սփյուռքները և պետությունները» քննարկման ընթացքում:

Նախարարի՝ ՄԱԿ-ի կողմից սփյուռքի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ առաջարկը մեծ հետաքրքրություն առաջացրեց մասնակիցների շրջանում, որոնք էլ առաջարկեցին մշակել նախագիծ` հետագայում այն ՄԱԿ ներկայացնելու ակնկալիքով:

Համաժողովին մասնակցող թուրքական պատվիրակությունը նախարարի ելույթից անմիջապես հետո փորձեց պատասխանել ` անդրադառնալով Հայոց Ցեղասպանության փաստի պատմական իրողության ուսումնասիրման անհրաժեշտությանը, հիշեցնելով 2009 թ. ստորագրված արձանագրությունների մասին: Հրանուշ Հակոբյանը ՀՀ պատվիրակութայն անունից հակադարձեց թուրքական պատվիրակությանը` նշելով, որ ուրախ է, որ Հայոց ցեղասպանության հիշատակումը գտավ դահլիճում իր հասցեատիրոջը: Նա կրկին անգամ շեշետեց, որ հայկական Սփյուռքը Թուրքիայի կողմից կատարված Հայոց ցեղասպանության հետևանք է և կարծում է, որ Թուրքիայի պատվիրակը այս հարցում որևէ կասկած չունի, և կգա մի օր, երբ Հայոց ցեղապանությունը ի վերջո կճանաչվի: