Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ շարունակվում են քաղաքապետարանում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում քաղաքացիների ընդունելությունները: Նախորդ շաբաթ քաղաքապետարանում և վարչական շրջաններում ընդունելության մասնակցած համապատասխանաբար 49 և 130 քաղաքացիների հարցերի զգալի մասին տեղում տրվել են համապատասխան լուծումներ:
Վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում, քաղաքապետարանի ենթակայության ծառայություններում գործող թեժ գծերի հեռախոսահամարներին նախորդ շաբաթվա ընթացքում ստացվել է 218, վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում՝ 110 հեռախոսազանգ: Քաղաքապետարանից հայտնում են, որ բարձրացված հարցերի մեծ մասին տրվել է համապատասխան լուծում, մնացածն ընթացքի մեջ է:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով թեժ գծերի աշխատանքին, ընդգծել է, որ ամենօրյա հետևողական աշխատանքի շնորհիվ քաղաքացիները տեսնում են արագ և օպերատիվ լուծումներ իրենց կողմից բարձրացվող հարցերին.
«Մեր քաղաքացիների շրջանում դրական արձագանքն ակնհայտ է: Զգացվում է նաև բնակչության վստահությունը վարչական շրջանների և քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների նկատմամբ: Սա բնակիչների հետ հետադարձ կապն ամրապնդելու կարևոր քայլ էր: Մենք պետք է շարունակենք աշխատանքն այն առավել արդյունավետ դարձնելու համար»,- նշել է Տարոն Մարգարյանը: