24 հունիսի 2013 - 21:01 AMT
Է.Նալբանդյանը մասնակցել է «Եվրոպայում քաղաքական էքստրեմիզմի վերելքը. մեր պատասխանը» խորագրով քննարկմանը

Այսօր ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ է ունեցել ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալի, ԵԽԽՎ նախագահի և ՄԻԵԴ նախագահի հետ։

ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելլա Բատայինի-Դրագոնի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել են ԵԽԽՎ գարնանային նստաշրջանին քննարկվելիք հարցերին, Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի և Քարտուղարության փոխգործակցությանը։

Էդվարդ Նալբանդյանի և Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի հանդիպմանն անդրադարձ է եղել Երևանում մայիսի վերջին կայացած ԵԽԽՎ բյուրոյի և մշտական կոմիտեի նիստերի արդյունքներին, ԵԽ Նախարարների կոմիտեի և Խորհրդարանական վեհաժողովի միջև համագործակցությանը։ Զրույցի ընթացքում արծարծվել են Եվրախորհդրի Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին առնչվող հարցեր:

ԵԽ կենտրոնակայանում Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է «Եվրոպայում քաղաքական էքստրեմիզմի վերելքը. մեր պատասխանը» խորագրով քննարկմանը, որին ներկա էին ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելլա Բատայինի-Դրագոնին, ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանը, ԵԽ Տեղական իշխանությունների կոնգրեսի նախագահ Կոնգրեսի Հերվիգ վան Շտան, ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մյուզնիկսը։ Հանդիպմանը մտքեր են փոխոնակվել նոյմբերին կայանալիք Եվրախորհրդի «Ժողովրդավարության համաշխարհային ֆորումի» նախապատրաստական աշխատանքների շուրջ։

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանի հետ հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ նշել է, որ վերջին տարիներին ՄԻԵԴ գործունեության արդյունավետությունը բարձրացել է։

Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանը, որպես ԵԽ նախագահող երկիր, կարևորում է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիային Եվրոպական միության միանալը՝ համոզված լինելով, որ դրա արդյունքում ստեղծվելիք եվրոպական միասնական իրավական դաշտն էլ ավելի կամրապնդի Եվոպայում մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմը։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի Սահմանադրական դատարանի, Վենետիկի հանձնաժողովի և Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախաձեռնությամբ հուլիսի սկզբին Երևանում կայանալիք «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» խորհրդաժողովի նախապատրաստական աշխատանքները։

Հանդիպմանը քննարկվել է նաև Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի բարեփոխումների վերաբերյալ Ինտերլակենի և Բրայթոնի հռչակագերի իրականացման գործընթացը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից: