25 հունիսի 2013 - 11:07 AMT
Ծեծկռտուք` Երևանում. Հնչել են կրակոցներ

Այսօր` ժամը 02:00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Սարի Թաղում, գնացքի գծերի ճանապարհին, մարմնական վնասվածքներով մարդ է ընկած: Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը Սարալանջի և Չարենցի փողոցների հատման մասում՝ գետին ընկած, հայտնաբերել է 1980 թ. ծնված Արմեն Մ.-ին, որն անմիջապես տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Պարզվել է, որ ժամը 02:00-ի սահմաններում նշված վայրում անհայտ անձինք վիճաբանել են Արմեն Մ.-ի հետ և ծեծել նրան: Նրանցից ազատվելու նպատակով Արմեն Մ.-ն իրեն պատկանող «Վալտեր» գազային ատրճանակից մի քանի անգամ օդ է կրակել: Ոստիկանությունից հայտնում են, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ անձանց ինքնություն պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ: Ոստիկանության Կենտրոնականի բաժնում կատարվում է հետաքննություն: