
Այսօր փոխվարչապետ Արմեն Գևորգյանի և մարզպետների մասնակցությամբ տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ բարձրացվեց համայնքներում աշխատավարձերի գծով կուտակած պարտքերի խնդիրը: Զեկուցվեց, որ Սյունիքի մարզում, մասնավորապես` Մեղրի համայնքում, կուտակված աշխատավարձերի ընթացիկ պարտքերն արդեն մարվել են: Ա. Գևորգյանը Գեղարքունիքի և Արմավիրի մարզպետներին առաջարկեց քայլեր ձեռնարկել իրենց մարզերում առկա նմանատիպ խնդիրները սեղմ ժամկետներում կարգավորելու ուղղությամբ:
Առանձին քննարկվեց նաև մարզերում Վերահսկիչ պալատի և ՀՀ ֆինանսների նախարարության Ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից իրականացվող ստուգումների հարցը: Փոխվարչապետը հորդորեց ստուգումների արդյունքները ուսումնասիրել, անհրաժեշտության դեպքում ներկայացնել դրանց վերաբերյալ իրենց հիմնավորված պարզաբանումները:
Մարզպետները տեղեկություններ ներկայացրեցին գյուղմթերքի իրացման իրավիճակի վերաբերյալ: Նշվեց, որ որոշ մթերող կազմակերպությունների մոտ վարկային միջոցների ներգրավման առումով խնդիրներ են առաջացել: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ այդ մասին կտեղեկացվի ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը: Քննարկվեցին նաև ընթացիկ մի շարք այլ հարցեր, հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: