14 փետրվարի 2006 - 15:00 AMT
Ռամբուեյի բանակցությունները «պրահայան գործընթացի» կրախն են, հայտարարում են Բաքվում
Ադրբեջանցի քաղաքագետներն ու քաղաքական գործիչները չեն բացառում, որ Ռամբույեի բանակցությունների անհաջող ելքը հերթական անգամ սառեցնի վերստին ակտիվացած բանակցային գործընթացը: Քաղաքագետ Իլգար Մամեդովը հայտարարել է, թե Ռամբույեում ավարտին մոտեցավ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցութունների եւս մի փուլը` այսպես կոչված «պրահյան գործընթացը»: «Առնվազն մեկ տարի առաջ արդեն զգացվում էր, որ երկու կառավարություններն էլ մտահոգված են ընտրություններով ու դրանց ընթացքում Արեւմուտքի աջակցությունը ստանալու անհրաժեշտությամբ: Պրահյան գործընթացը երկու կողմերը պարզապես օգտագործում էին` ելնելով իրենց նպատակներից: Ընտրական շրջանը Ադրբեջանում ու Հայաստանում ավարտվեց, ու պրահյան գործընթացի անհրաժեշտությունը վերացավ: Եվ օրինաչափ էր, որ այդ գործընթացը նման տխուր ավարտ արձանագրեց», - ասաց Մամեդովը: «Եթե պայմանավորվածությունների ձեռքբերման հարցը կախված լինի Ադրբեջանի ու Հայաստանի բարի կամքից` որեւէ արդյունք ակնկալել հնարավոր չի լինի: Բայց եթե մեծ տերությունները լրջորեն ձեռնամուխ լինեն այս գործին`մեռյալ կետից շարժվել հնարավոր է», - հայտարարել է մեկ այլ ադրբեջանցի քաղաքագետ` Ռասիմ Մուսաբեկովը: Ադրբեջանցի քաղաքագետները, այդուհանդերձ, համոզված են, որ թեեւ Ռամբույեում լուրջ տեղաշարժեր չարձանագրվեցին, ԵԱՀԿ Մինսկի խումբը դեռ անելիք ունի: «Չեմ կարծում, որ խոսքը Մինսկի խմբի վախճանի մասին է: Խոսքը պրահյան գործընթացի եւ դրա հիմնարար սկզբունքի` հանրաքվեի գաղափարի կրախի մասին է», - ասաց Իլգար Մամեդովը:
Իսկ Ռասիմ Մուսաբեկովը չբացառեց, որ առաջիկայում բանակցային գործընթացը սառեցվի այնպես, ինչպես դա եղավ Քի Ուեստի բանակցություններից հետո: «Դա շատ հավանական է», - պարզաբանեց Մուսաբեկովը: - «Այդ պարագայում մեզ սպասում է սպառազինությունների մրցավազքի լուրջ փուլ տարածաշրջանում: Իսկ երբ զենք են գնում, այն երբեմն կրակում է»,- հայտարարել է Մուսաբեկովը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: