Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել «Ազատ Արցախ» հանրապետական թերթի աշխատակիցներին: Ուղերձում ասված է. «Ի սրտե շնորհավորում եմ ձեզ և մեր հանրապետական թերթի բոլոր ընթերցողներին հիշարժան հոբելյանի՝ հիմնադրման 90-րդ տարեդարձի կապակցությամբ:
Ստեղծման օրից «Ազատ Արցախը» միշտ եղել է իր ժողովրդի կողքին, արտահայտել նրա հոգսերն ու ձգտումները և ամենածանր պահերին դարձել նրա խոսափողը: Հատուկ կուզենայի նշել թերթի առանցքային դերակատարությունը մեր ազգային-ազատագրական նորօրյա պայքարում: Դա յուրօրինակ հերոսություն էր և սխրանք, որն արժանի է ամենաբարձր գնահատանքի: Անցնելով երկար ճանապարհ` թերթն այսօր էլ շարունակում է իր արժանի տեղն զբաղեցնել հանրապետության հասարակական-քաղաքական կյանքում:
Վստահ եմ, որ զարգացնելով տասնամյակների ընթացքում կուտակված հարուստ փորձն ու ավանդույթները, «Ազատ Արցախն» այսուհետ էլ հավատարիմ կմնա իր հիմնական նպատակին` ծառայել հարազատ ժողովրդին ու հայրենի երկրին, պատմել մարդկանց առօրյա կյանքի և հուզող խնդիրների մասին, ներկայացնել ու պաշտպանել Արցախի Հանրապետության շահերը»: