15 փետրվարի 2006 - 13:35 AMT
Ադրբեջանցի լրագրողին հեռացրել են աշխատանքից Լեռնային Ղարաբաղ կատարած ուղեւորության համար
Փետրվարի 14-ին տեղի է ունեցել ադրբեջանական «Օբոզրեվատել» շաբաթաթերթի խմբագրական կազմի ժողովը: Ժողովի թեման քաղաքական բաժնի վարիչ Ռոման Տեմնիկովի արարքի քննարկումն է եղել, որը «ինքնակամ մեկնել է Լեռնային Ղարաբաղ»: Թերթի գլխավոր խմբագիր Գյուլնարա Մամեդզադեն եւ նրա երկու տեղակալները «միահամուռ դատապարտել են Տեմնիկովի արարքը, որը հակասում է ադրբեջանցի լրագրողի էթիկային, ըստ որի արգելվում է համագործակցել ինքնահռչակ հանրապետության ներկայացուցիչների հետ»: «Օբոզրեվատելի» խմբագրական կոլեգիան որոշել է հեռացնել աշխատանքից Ռ.Տեմնիկովին: Հիշեցնենք, որ ադրբեջանական «Խաղաղություն, ժողովրդավարություն, մշակույթ» կազմակերպության ներկայացուցիչ,Բաքվի «Օբոզրեվատել» թերթի քաղաքական բաժնի վարիչ Ռոման Տեմնիկովը Ստեփանակերտ էր այցելել ղարաբաղյան «Հայկի սերունդ» կազմակերպության հրավերով «Կովկասը մեր տունն է» ծրագրի շրջանակներում: Ինչպես հաղորդում է Ղարաբաղի էլեկտրոնային Karabakh-online հանդեսը, Տեմնիկովը նշել է, որ առաջին անգամ է Ղարաբաղում, եւ տպավորությունները շատ լավն են: «Դուք նույնիսկ հասցրել եք պատերազմից հետո վերականգնել քաղաքը»,-ասել է նա:-Ես կարծում էի, որ ինձ այստեղ այլ կերպ կդիմավորեն, սակայն, ինչպես տեսնում եք, ես ողջ եւ առողջ եմ»: Ռ.Տեմնիկովը մտադիր է հանդիպել ԼՂՀ կրթության, մշակույթի եւ սպորտի նախարարի հետ: Նախատեսվում է նաեւ նրա հանդիպումը Ղարաբաղի խորհրդարանի խոսնակի եւ երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: