28 հունիսի 2013 - 17:33 AMT
Դեսպան. Ֆրանսիան ԼՂ հակամարտության կարգավորման խաղաղ ճանապարհին այլընտրանք չի տեսնում

ԼՂ հակամարտությունը կարող է կարգավորվել միայն եթե կողմերը խաղաղ լուծում գտնեն: Կարծիքը Մինսկի խմբի համանախագահող երկրներից Ֆրանսիայի` ՀՀ-ում արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյինն է: Այսօր ասուլիսի ժամանակ նա նաև նշել է, որ կողմերը պետք է հիմնվեն Հելսինկյան եզրափակիչ ակտի և Մադրիդյան սկզբունքների վրա: «Ֆրանսիան ԼՂ հակամարտության կարգավորման խաղաղ ճանապարհին այլընտրանք չի տեսնում: Հայաստանին և Ադրբեջանին հորդորում եմ գտնել բանակցության խաղաղ ուղիները», - ասաց դեսպանը:

Նա անդրադաձել է նաև Բաքվի զորահանդեսի ժամանակ Ադրբեջանի նախագահի հայտարարություններին. «Ադրբեջանը պետք է հետևի Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների ընդունած վերջին հայտարարությանը և դրանում առկա հորդորներին: Դրանք պետք է ուղենիշ լինեն բանակցային գործընթացում»:

«Մենք խորապես ափսոսում ենք, որ բանակցային գործընթացի ընթացքում կողմերի փոխշահավետ լուծում գտնելու փորձերի փոխարեն, շարունակել են ձգտել միակողմանի շահ ստանալ: Վստահ ենք, որ հավասարակշռված շրջանակային պայմանավորվածությունների ձեռք բերման հետաձգումն անընդունելի է ու կոչ ենք անում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին նոր էներգիայով կենտրոնանալ այն հարցերի լուծման վրա, որոնք դեռևս բաց են մնում», - ասված է ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների հայտարարության մեջ: Նրան նաև վստահություն են հայտնել, որ չորս տարի առաջ այդ առնչությամբ արված հայտարարությունները «պետք է հիմք ծառայեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար ու կայուն կարգավորման համար»:

Ըստ երեք երկրների նախագահների, «այդ դրույթները անհրաժեշտ է դիտարկել որպես միասնական ամբողջություն, քանի որ դրանցից մեկին նախապատվություն տալու ցանկացած դեպք բացառում է հավասարակշռված որոշում կայացնելու հնարավորությունը»:

«Մենք վճռականորեն հորդորում ենք բոլոր կողմերի ղեկավարներին մեկ անգամ ևս հաստատել հավատարմությունը Հելսինկյան սկզբունքներին, մասնավորապես, ուժի չկիրառման կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության ու ազգերի ինքնորոշման իրավունքի վրա», - նշված է հայտարարության մեջ:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ, ելույթ ունենալով Ադրբեջանի ԶՈւ 95-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ, հայտարարել է. «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի անբաժան մասն է: Եվ ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլ նաև ժամանակակից Հայաստանը, որը ստեղծվել է Իրևանի խանության հողերի վրա, որոնք Ադրբեջանի պատմական հողերն են: Չեմ կասկածում, որ հակամարտությունն իր արդար լուծումը կստանա և Ադրբեջանի դրոշը կծածանվի Շուշիի ու Խանքենդիի վրա»: