15 փետրվարի 2006 - 15:55 AMT
«Ռոդինա» կուսակցության ղեկավարը առաջարկել է ղարաբաղյան խնդրի կարգավորման իր տարբերակը
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ այս անգամ Փարիզում տեղի ունեցած հերթական հանդիպումը անարդյունք ավարտվեց: Տվյալ հակամարտությունը, որ ձգվում է արդեն 18 տարի, տասնյակ հազարավոր մարդկանց կյանք է խլել, անհամար տառապանքներ է պատճառել ե'ւ հայերին, ե'ւ ադրբեջանցիներին, ե'ւ այդ տարածաշրջանում բնակվող այլ ազգությունների ներկայացուցիչներին: Ռուսաստանի միջնորդությամբ 1994թ. մայիսից կնքված զինադադարը միակ դրական շարժն է այս ամբողջ ընթացքում, որը զգում են երկու ժողովուրդները: Ավաղ, այս համաձայնագիրը եւս ժամանակ առ ժամանակ խախտվում է: Չնայած տասնյակ հանդիպումներին եւ բանակցությունների բազմաթիվ փուլերին, որոնք կայացել են սկսած 1992թ.-ից թե' ԵԱՀԿ Մինսկի խմբի գործնեության շրջանակներում եւ թե' 1997թ. սկսած դրա համանախագահների եռյակի միջնորդությամբ ի դեմս Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի, այս հնացած խնդրի կարգավորմանը բերող առաջընթաց չի նկատվում: Այդ մասին ասվում է ռուսական «Ռոդինա» կուսակցության նախագահ Դմիտրի Ռոգոզինի հայտարարության մեջ: Այս փաստաթղթում մասնավորապես նշվում է.«Այսպիսի դրությունը չի կարող հուսահատություն չառաջացնել: Առաջին հերթին այն հասարակ մարդկանց մոտ, որոնք անմիջականորեն կապ են ունեցել այս հակամարտության հետ: Դժվար է բացատրել ինչու լուրջ քաղաքական գործիչները` հակամարտության կողմերի ներկայացուցիչները, որոնք պատասխանատվություն են կրում իրենց ժողովուրդների եւ միջազգային կազմակերպությունների առջեւ, երկար տարիների ընթացքում չեն կարողանում ընդհանուր լեզու գտնել: Առաջանում է հետեւյալ եզրակացությունը. երեւի, ի սկզբանե ինչ-որ սխալ բան է դրվել հակամարտության կարգավորման վերջնական նպատակների նրանց ընկալման մեջ: Այս կապակցությամբ հարց է ծագում. արդյո՞ք չի հասել այն պահը, երբ պետական մակարդկներում նրանց ջանքերն իրենց սպառել են, եւ կարգավորմանն արդեն պետք է մասնակցի հասարակական դիվանագիտությունը: Նշեմ այն, ինչն է ինձ համար առավել կարեւոր կողմերի համար ընդունելի որոշման որոնումների ճանապարհին: Ըստ իս, տվյալ գործընթացի ելակետ պետք է լինի ղարաբաղյան հակամարտության ուժային կարգավորման ամեն փորձի սկզբունքային բացառումը: Բոլոր կողմերի մոտ հարցի այսպիսի ընկալումը հետագա աշխատանքի անհրաժեշտ նախադրյալ կդառնա»:
Կողմերը նաեւ պետք է ընդունեն` ստեղծված դրությունը ոչ մեկին ձեռնտու չէ ոչ անհապաղ լուծում պահանջող խնդիրների, ոչ էլ ավելի հեռանկարային տեսանկյունից: Ադրբեջանը գաղթականների հետ կապված լուրջ խնդիրներ ունի. առաջին հերթին այն շրջաններից ,որոնք օկուպացվել են ռազմական գործողությունների ընթացքում: Ադրբեջանական զինված ուժերը մեծ կորուստներ են կրել, երկիրը լուրջ տնտեսական վնասներ է կրել: Պարզ է, որ ղարաբաղյան հակամարտությունը բացասական հետեւանքներ է կրում իր մեջ նաեւ Հայաստանի համար` տնտեսական, քաղաքական, հասարակական եւ այլ: Լեռնային Ղարաբաղը ապրում է շրջափակման եւ մշտական ռազմական սպառնալիքի դրության մեջ: Երկու կողմերից էլ հսկայական գումարներ են ծախսվում այդ հակամարտությանն աջակցելու համար:
Նման տիպի դաժան եւ երկարատեւ հակամարտությունը, բնականաբար, չի կարող բարձրացնել հակամարտության մասնակիցների վարկը միջազգային հանրության աչքերում: Անխուսափելիորեն պետք է խոստովանել երկու բան: Առաջինը` հավանաբար, արդեն հնարավոր չէ վերադառնալ Լեռնային Ղարաբաղի այն կարգավիճակին, որը նա ուներ մինչեւ դիմակայության սկիզբը: Երկրորդը` հակամարտության կողմ է նաեւ ինքը Լեռնային Ղարաբաղը: Վերջին տասնամյակներին այս փաստը քողարկվում է, սակայն կյանքի իրողությունները կախված չեն քաղաքական ցանկություններից կամ նախասիրություններից: Առավել եւս, որ ապագա ԼՂ-ում կյանքը կազմակերպելու է ոչ թե Հայաստանը, Ադրբեջանը կամ միջազգային հանրությունը, այլ այդ տարածաշրջանի բնակիչները: Նրանք, առնվազն, պետք է համաձայնվեն այն բանի շուրջ, թե ինչպես պետք է որոշվի իրենց ճակատագիրը: Հաշվի առնելով վերը նշվածը, կարգավորման իրատեսական սխեման ես այսպես եմ տեսնում.
1. Լեռնային Ղարաբաղի զինված միավորումները դուրս են գալիս Ադրբեջանի այն շրջաններից, որոնք գրավվել են նրանց կողմից ռազմական գործողությունների արդյունքում, բացառությամբ Լաչինի շրջանի, որի միջոցով իրականացվում է կապը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումը հետաձգվում է երկար ժամանակով: ԼՂ իրավիճակի վերահսկողությունը լիովին մնում է ղարաբաղյան եւ հայկական կողմերի տնօրինության տակ: Ադրբեջանը հնարավորություն է ստանում կամավոր սկզբունքներով վերադարձնել տեղահանվածներին իրենց բնակության վայրերը: Ադրբեջանը ազատ մուտք է ստանում Նախիջեւան (Լաչինի միջանցքի գործարկման նմանատիպ պայմաններում) եւ վերսկսում է նավթի, գազի եւ այլ առաքումները Հայաստան:
2. Կատարվում է բոլոր ազատագրված շրջանների խորին ապառազմականացում մինչեւ ԼՂ կարգավիճակի վերջնական որոշումը: Իրավիճակը ԼՂ եւ Լաչինի շրջաններում վերահսկվում է խաղաղապահների կողմից` ռուս կամ միջազգային, որտեղ կիշխի ռուսական բաղադրիչը: Այս համաձայնագրի կատարումը վերահսկելու գործում կներգրավվեն միջազգային դիտորդներ:
3. Կողմերը համաձայնվում են, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական որոշումը այնուամենայնիվ պետք է կայացվի բանակցությունների սեղանի շուրջ, կամ, ինչն առավել հավանական է, նրա բնակչության կամքի արտահայտման միջոցով, այսինքն հանրաքվեով: Այդ պայմանավորվածությունը ձեւակերպվում է փաստաթղթերում:
Վերջին ժամանակներս ղարաբաղյան կարգավորման շուրջ հանդիպումների աշխարհագրությունը առավելապես հեռանում է Մոսկվայից: Բանակցությունների վերջին փուլը տեղի ունեցավ Փարիզում, հաջորդը նախատեսվում է Վաշինգտոնում: Այդպիսով, ըստ իս, թուլանում է ռուսական միջնորդության դերը, ինչը, համոզած եմ, օգուտ չի բերում կարգավորմանը ընդհանուր առմամբ: Անհրաժեշտ է Ռուսաստանի ակտիվացումն այդ գործընթացում: Ընդ որում խոսքը պետք է գնա ոչ միայն քաղաքական ոլորտում դրական ազդեցության մասին, այլ նաեւ նոր մոեցումների մասին նաեւ տնտեսական եւ հումանիտար ոլորտներում, մասնավորապես, առեւտրային եւ տնտեսական փոխգործակցության մասին, էներգակիրների տեղափոխման ոլորտում փոխշահավետ լուծումներ գտնելու, մարդկային շփումները զարգացնելու մասին:
Հուսով եմ, որ շահագրգիռ կողմերն ըմբռնումով կընկալեն այս առաջարկները, եւ դիմում եմ Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի նախագահներին եւ Լեռնային Ղարաբաղի առաջնորդին մի խնդրանքով` անձնական հեղինակությամբ եւ պետական իմաստությամբ նպաստել այս ծանր հակամարտության շուտափույթ կարգավորմանը», հաղորդում է «ՄիԿ» գործակալությունը: