
Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսին։ Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է ԱՆ լրատվական ծառայությունից:
Շնորհավորելով դիվանագետին առաքելությունը ստանձնելու կապակցությամբ` նախարարը նշել է, որ երկու երկրի ժողովուրդներն էլ դարավոր ու հարուստ պատմություն ունեն, ինչը լավ հարևանության հիմք է։ Հայաստանի և Իրանի առողջապահության համակարգերի համագործակցությունն ընթանում է երկու երկրի նախարարների կողմից ստորագրված համագործակցության հուշագրերի շրջանակներում: Նախարարը նորանշանակ դեսպանին տեղեկացրել է, որ վերջին շրջանում ակտիվացել է բժիշկների և գիտնականների հայ-իրանական փոխհամագործակցությունը, ինչպես նաև հիգիենիկ-հակահամաճարակային իրադրության վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը:
Դերենիկ Դումանյանն անդրադարձել է նաև անցած աշնանը Երևանում կայացած հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստում քննարկված այն հարցերին, որոնք վերաբերել են բուժական, դեղագործական, հիգիենիկ-հակահամաճարակային պայքարի ոլորտներում համագործակցության զարգացմանը։ Նախարարը դեսպանի ուշադրությունը հրավիրել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրանական կողմին ներկայացված «ՀՀ և ԻԻՀ տարածքներում հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների, տարածաշրջանային և անդրսահմանային նշանակության արտակարգ իրավիճակների արձանագրման դեպքում փոխտեղեկատվության ապահովման վերաբերյալ» կարգի նախագծի վրա և նշել, որ փաստաթղթի ստորագրումից հետո երկու երկրի առողջապահության նախարարությունների համագործակցությունն ավելի արդյունավետ կլինի։
Դերենիկ Դումանյանը հայտնել է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ պատրաստակամ են Երևանում ընդունելու ԻԻՀ բժշկական կրթության և առողջապահության նախարարության պատվիրակությանը: «Ես վստահ եմ, որ Ձեր դեսպանության միջոցով մեր երկրների առողջապահական համակարգերի միջև փոխհամագործակցության խոր եզրեր կգտնվեն և առաջիկայում համատեղ արդյունավետ աշխատանքներ կիրականացվեն»,-ասել է Դերենիկ Դումայանը։
Մոհամմադ Ռեիսին նշել է, որ դարեր շարունակ կողք-կողքի ապրած ժողովուրդների համար կարևոր է, որ երկու երկրի ղեկավարները ձգտում են փոխհարաբերությունների զարգացմանը։ Նա վստահեցրել է, որ իր անձնական ներդրումը կունենա հետաքրքիր ու արդյունավետ համագործակցության համար նախապայմաններ ստեղծելու գործում։ Դեսպանը խոսքով, Իրանի Իսլամական Հանրապետությունում վերջին տարիներին առողջապահության և դեղագործության ոլորտներում մեծ զարգացումներ են արձանագրվել։
Նախարար Դումանյանը ներկայացրել է Հայաստանում առողջապահության ոլորտի զարգացումները` անդրադառնալով Ուռուցքաբանության գերազանցության և արյունաբանական կենտրոնների կառուցմանն ու վերակառուցմանը, վերջինում ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքի ստեղծմանը։ Նա նշել է, որ երկրի ղեկավարը մեծ ուշադրություն է դարձնում ոլորտի զարգացմանն ու ժամանակակից կենտրոնների ստեղծմանը, ինչի արդյունքում կառուցվում ու արդիականացվում են կլինիկաներ, ստեղծվում նոր բաժանմունքներ ու ծառայություններ։ Այս ամենը փոխհամագործակցության լայն հնարավորություններ է ստեղծում։