29 հունիսի 2013 - 11:00 AMT
Երկու հայկական պետությունները կհամագործակցեն տնտեսական մրցակցության կարգավորման ոլորտում

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի պատվիրակությանը՝ կառույցի ղեկավար Արտակ Շաբոյանի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսական մրցակցության կարգավորման ոլորտում համագործակցության, փորձի փոխանակման հետ կապված հարցեր:

Երկուստեք նշվել է երկու հայկական պետությունների միջև այս ոլորտում համագործակցության խորացման անհրաժեշտությունը և դրա համար բոլոր հնարավորությունների առկայությունը:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թևոսյանը, ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Լևոն Մնացականյանը, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: