1 հուլիսի 2013 - 10:40 AMT
Սեպտեմբերին Երևանում հայ-հունական գործարար համաժողով կկայանա

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն Աթենքում հանդիպել է Հունաստանի Զարգացման, մրցունակության, ենթակառուցվածքների, տրանսպորտի և ցանցերի փոխնախարար Նոտիս Միտարակիի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկու ժողովուրդների միջև հաստատված ավանդական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանը և խորացմանը:

Հույն փոխնախարարի հետ զրույցում Էդուարդ Շարմազանովը նշել է, որ երկկողմ տնտեսական հարաբերությունները զիջում են բարձր մակարդակի վրա գտնվող քաղաքական հարաբերություններին:

Նոտիս Միտարակին համաձայնել է ԱԺ փոխնախագահի գնահատականի հետ` ափսոսանք հայտնելով, որ Հունաստանի և Հայաստանի առևտրատնտեսական ներուժը լիարժեք չի օգտագործվում:

Այս առումով երկուստեք կարևորվել է 2013-ի սեպտեմբերին Երևանում կայանալիք հայ-հունական գործարար համաժողովի անցկացումը, որը կողմերի համոզմամբ` կարող է խթանել նոր կապերի հաստատումը: