1 հուլիսի 2013 - 13:39 AMT
Փոստանջյանը՝ ՎՊ հաշվետվության շուրջ քննարկումների մասին. Ներկայացում բեմադրվեց

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Վերահսկիչ պալատի հաշվետվությունն ուղարկել է Գլխավոր դատախազություն: «Հիմա կտեսնենք` նրանք հետևողական կլինե՞ն, կբացահայտվե՞ն այդ յուրացումները և արդյոք կլինե՞ն քրեական հետապնդումներ։ Պետք է պահանջել, որ հարուցվի քրեական գործ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը:

Նա ընդգծեց, որ Հայաստանում խայտառակ մակարդակի կոռուպցիա կա։ «Դժգոհել և քննադատել ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի գործունեությունից, արդար չէ։ Նա ներկայացրել է փաստեր, որոնք ընդունվել են բոլոր գերատեսչությունների կողմից՝ բացառությամբ երկու դեպքի։ Այդ փաստերն անհերքելի են, որոնք տեղի են ունենում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից։ Սակայն մի բան էլ կա՝ Իշխան Զաքարյանն առանց Սերժ Սարգսյանի համաձայնության չէր կարող կազմել այդ զեկույցը, բայց քանի որ պարզվել է, որ մեղավորները բարձր պաշտոնյաներ են, ապա չեն կարող հետապնդվել, ուստի հետագայում բեմադրվել է ներկայացում, որը նախ տեղի ունեցավ խորհրդարանում, հետո Բաղրամյան 26-ում»,- ասաց Զարուհի Փոստանջյանն անդրադառնալով խորհրդարանում փաստաթղթի քննարկմանը, ապա օրերս ՀՀ նախագահի մոտ բյուջետային միջոցների արդյունավետ կառավարման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը միտված հարցերի շուրջ տեղի ունեցած քննարկմանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք ՀՀ գլխավոր դատախազությունն Ազգային ժողովից ստացել է Վերահսկիչ պալատի 2012 թվականի տարեկան հաշվետվությունը և օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել: Նշենք, որ ՎՊ 2012թ.-ի տարեկան հաշվետվությունով բազմաթիվ կոմպիտ խախտումներ և չարաշահումներ են հայտնաբերվել մի շարք ոլորտներում: Խորհրդարանում փաստաթղթի քննարկման ժամանակ պատգամավորներն առաջարկել էին այն ուղարկել դատախազությունն, առաջարկին կողմ էր նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամայանը, ինչը և արվել է: