2 հուլիսի 2013 - 18:07 AMT
Լեոնիդ Ենգիբարովի մոր դերը Գեորգի Փարաջանովի ֆիլմում կխաղա Քսենիա Ռապոպորտը

«Թախծոտ ծաղրածու» Լեոնիդ Ենգիբարովի մասին Գեորգի Փարաջանովի նոր ֆիլմում նրա մոր դերը կկատարի Քսենիա Ռապոպորտը, այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն է հայտնել ինքը ռեժիսորը:

«Այդ պատմությունն ինձ պատմեց Ելենա Կամբուրովան՝ մեծ երգչուհին: Սցենարն իմն է, ես դեռ շտկում եմ երկխոսությունները: Դա կլիմի «Աշունը սրտում» խաղարկային ֆիլմ: Ով կխաղա Ենգիբարովին, ես դեռ չգիտեմ, շատ մանրակրկիտ եմ ընտրում; Դա լուրջ բան է: Բայց հստակ կարող եմ ասել, որ նրա մոր դերը կկատարի Քսենիա Ռապոպորտը»,-պատմել է Փարաջանովը:

Ֆիլմի նկարահանումները կսկսվեն սեպտեմբերին: Գեորգի Փարաջանովը հռչակավոր ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի զարմիկն է, հայտնի է իր աշխատանքներով փաստագրական կինոյում: 2012թ. նկարահանել է իր առաջին խաղարկային «Բոլորը գնացին» ֆիլմը, որը մի շարք մրցանակներ է ստացել միջազգային կինոփառատոներում: