Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում ՀՀ նախագահության շրջանակներում Երևանում անցկացվող համաեվրոպական խորհրդաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանը, ՄԻԵԴ-ի դատավոր Ալվինա Գյուլումյանի և ՄԻԵԴ-ի Մեծ պալատի քարտուղարի տեղակալ Յոհան Քելլվարթի ուղեկցությամբ հյուրընկալվել է ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին։
Հարությունյանի ուղեկցությամբ հյուրերը շրջել են դատարանի շենքում, ծանոթացել ՍԴ կառուցվածքին ու գործունեությանը։ Այնուհետև ՍԴ ընդունելությունների սրահում նրանք զրուցել են վաղը մեկնարկող խորհրդաժողովում քննարկվելիք թեմայի շուրջ՝ առանձնապես կարևորելով իրավունքի գերակայության սկզբունքը որպես իրավական պետությունում իշխանության ու անհատի սոցիալական վարքագծի արժեբանական հիմք ու սահմանադրական երաշխիք։