3 հուլիսի 2013 - 14:49 AMT
Սերգեյ Պալկին. Եթե Մխիթարյանի համար առաջարկված գումարը չգոհացնի «Շախտյորին», ապա ֆուտբոլիստը կպատժվի

Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը հայտնել է, որ ոչ մի նորություն չունի Հենրիխ Մխիթարյանից, որը չի ներկայացել թիմի հավաքին: Չեն եղել նաև պաշտոնական առաջարկներ «Տոտենհեմից» և «Լիվերպուլից»:

«Ես արդեն ասել եմ, որ «Բորուսիայից» կա 30 մլն դոլարի առաջարկ: Մեր դիրքորոշումն է՝ 30 մլն եվրո: Դա է միակ առաջարկը, որ եղել է»,-Պալկինի խոսքը մեջբերում է football.ua-ն:

Նա հավելել է, որ եթե Մխիթարյանը ցանկանում է խզել պայմանագիրը, կարող է վճարել «Շախտյորին» 30 մլն դոլար և տեղափոխվել այն ակումբն, ուր ուզում է:

«Եթե Մխիթարյանի համար առաջարկված գումարը չգոհացնի «Շախտյորին», ապա ֆուտբոլիստը կպատժվի: Նա չի մասնակցել հավաքին, իսկ պայմանագրում բոլոր տուգանային պատժամիջոցները գրանցված են: Մեզ համար դա խնդիր չէ»,-ասել է նա: