ԱՄՆ-ն Կահիրեում իր դեսպանատան աշխատակիցներին տարհանելու հանձնարարական է տվել, այս մասին հայտնում է Associated Press-ը` հղում անելով ԱՄՆ Պետդեպարտամենտի աղբյուրներին:
Աղբյուրը հայտնել է, որ տարհանվելու են դեսպանատան բոլոր ոչ հիմնական աշխատակիցներն ու նրանց ընտանիքները: Տարհանման մանրամասները` այն կկազմակերպվի Պետդեպարտամենտի՞ կողմից, թե՞ դիվանագետները ստիպված կլինեն լքել Եգիպտոսը քաղաքացիական ավիացիայի ինքնաթիռներով, դեռ հայտնի չեն:
Տարհանման հրամանը պայմանավորված է Եգիպտոսում տեղի ունեցող վերջին իրադարձություններով, որտեղ հուլիսի 3-ին Սահմանադրական դատարանը ժամանակավորապես դադարեցրել է Սահմանադրության գործունեությունը և դատարանի ղեկավար Ադլի Մանսուրան ստանձնել է երկրի ղեկավարումը: Այսպիսով, դե ֆակտո Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսին հեռացվել է երկրի ղեկավարի պաշտոնից: Ավելի ուշ երկրում սկսվել են բախումներ Մուրսիի կողմնակիցների և ընդդիմադիրների միջև, ինչի արդյունքում արդեն չորս մարդ մահացել է: