4 հուլիսի 2013 - 10:32 AMT
Տաղանդավոր մարդը չարիք է, որովհետև շրջապատում միջակություն է. Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է

Տաղանդավոր մարդը չարիք է, որովհետև շրջապատում միջակություն է, քեզ չեն հավատում: Այսօր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի տաղանդավոր դերասան Մհեր Մկրտչյանի` Ֆրունզիկի ծննդյան օրն է: Վարպետն այսօր կդառնար 83 տարեկան:

«Դերասանը պիտի կարողանա ամեն ինչ խաղալ։ Դերասանը ներկայացնում է մարդուն, իսկ մարդու էության մեջ և լաց կա, և ծիծաղ, և հումոր»,- ասում էր Մհեր Մկրտչյանը: Նա նշում էր, որ դերասանի աշխատանքը գործ ունի բնության հետ, մարդկանց հույզերի հետ, և այն մի կախարդական աշխարհ է՝ անհասկանալի, տիեզերքի պես անվերծանելի:

Մեծն ռեժիսոր Վարդան Աճեմյանը Ֆրունզիկին այսպես էր բնութագրում. «Մհեր Մկրտչյանը, իրոք, ծնված է բեմի համար... Նա ունի խոշոր դերասանի բոլոր տվյալները»: «Ես լիովին հավատացած եմ, որ Մհերը դերասան է ծնվել»,- ասում էր Անրի Վերնոյը: Գևորգ Աբաջյանն էլ Ֆրունզիկի մասին ասում էր. «Մեծ է Մհեր Մկրտչյանի հմայքը։ Նա գիտե բեմում առինքնող գեղեցկությամբ երևալու գաղտնիքը` բնության մեծ պարգևը»:

Մհեր Մկրտչյանը ծնվել է Գյումրիում 1930 թվականին։ Հայրը ծագումով մշեցի էր, իսկ մայրը՝ վանեցի։ Գյումրիում սովորել է նկարչական ու երաժշտական դպրոցներում, միաժամանակ հաճախել է թատերական ինքնագործ խմբակ։ 1945-46 թվականներին սովորել է Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում, ավարտելուց հետո, 1947 թվականին ընդգրկվել է նույն թատրոնի հիմնական խմբի մեջ։ Այս թատրոնում նա խաղացել է տասնյակից ավելի մեծ ու փոքր դերեր`ցուցաբերելով իր տարիքին չհամապատասխանող վարպետություն։

1953 թ-ին նա տեղափոխվեց Սունդուկյանի անվան թատրոն, սովորում էր գեղարվեստաթատերական ինստիտուտում (ղեկավար` Վ. Վաղարշյան)։

1959 թ-ին ռեժիսոր Համասի Մարտիրոսյանը նրան հրավիրեց նկարահանվելու «01-99» կարճամետրաժ ֆիլմում, որտեղ էլ Մհերը ստեղծեց հյութեղ մի կերպար, որը մինչև այժմ էլ հանդիսատեսը չի մոռանում։

Բարձր մասնագիտացումը, կերպարին ազգային դեմք ու դիմագիծ հաղորդելու կարողությունը, էկրանի ճշմարիտ զգացողությունն ու շատ այլ հատկանիշներ Մհեր Մկրտչյանին հնարավորություն տվեցին դասվելու կինո արվեստի ինքնատիպ անունների շարքում։ Այդ ամենը հիանալի դրսևորվեցին Արսեն («Նվագախմբի տղաները»), Գասպար («Եռանկյունի»), Իշխան («Մենք ենք, մեր սարերը»), Հայրիկ («Հայրիկ»), Ամիրո («Նահապետ»), Գրիգոր աղա («Կտոր մը երկինք»), Իսայի («Խաթաբալա») դերերում։

Մհեր Մկրտչյանը եթե «Հայֆիլմում» հաջողությամբ մարմնավորում էր դրամատիկական կերպարներ, ինչպես Նիկոլը («Հին օրերի երգը»), ապա այլ կինոստուդիաները նրան հրավիրում էին բացառապես կատակերգական դերերի համար։ Նա նկարահանվեց «Կովկասի գերուհին», «Այբոլիտ-66», «Միմինո», «Ալի բաբան և քառասուն ավազակները», «Ունայնություն ունայնության» ժապավեններում, որոնցում խաղացված դերակատարումները գնահատվեցին պետական բարձր պարգևներով։

Մհեր Մկրտչյանը մահացել է 1993 թվականին։ Գյումրիում գործում է Մհեր Մկրտչյանի տուն - թանգարանը, որտեղ կան հարուստ նյութեր դերասանի կյանքի, ստեղծագործության վերաբերյալ, ինչպես նաև նրա անձնական իրերից: