4 հուլիսի 2013 - 14:49 AMT
Ա.Չախալյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է. Վ.Չախալյանը պնդում է` մեղադրականում ենթադրություններ են

Ջավախահայ քաղաքական գործիչ, նախկին քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի եղբորը` Արմեն Չախալյանին հունիսի 28-ին Նինոծմինդայի շրջանի Գոնդուրա գյուղում տեղի ունեցած միջադեպի գործով երկու ամսով կալանավորելու դատարանի որոշումը բողոքարկվել է: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Վահագն Չախալյանը և նշեց, որ իրենց բողոքին պատասխանելու են 7 օրում: Նա նշեց, որ բողքը ներկայացրել են նախօրեին` ժամը 12:00-ին:

Վահագն Չախալյանն ընդգծեց, որ Արմենի դեմ քրեական գործ հարուցելու որևէ փաստ չկա, իսկ նրա դեմ մեղադրականը հիմնված է ենթադրությունների վրա: Մեր զրույցի ընթացքում Վահագն Չախալյանը թերթում էր մեղադրականը և նշեց, որ դրանում բազմաթիվ սխալներ կան` սկսած նրանից, որ այն սխալ օրով է թվագրված` 2012 թվականի հուլիսի 1-ին:

«Մեղադրանքի հիմքում այն է, որ գործով անցնող 150 վկաներից մեկը ասում է, որ ինքը տեսել է Արմենին դեպքի վայրում և նրա ձեռքին փայտանման բան է եղել: Հետաքննող մարմինն ասում է, որ ենթադրաբար, հնարավոր է, որ Արմենն է խփել տուժողին և դրա համար կալանավորել են Արմեն Չախալյանին: Հետաքննության մարմինները գործի մեջ գրել են նաև, որ ենթադրվում է, որ կա մի տուժող, ով ասում է, որ Արմենին տեսել է ընկած և օգնել է նրան բարձրանալ»,- ասաց Վահագն Չախալյանը: Նա կարդաց և վրացերենից բառացի թարգմանեց մեղադրական եզրակացությունը, որում նշվում է, որ ենթադրվում է, հնարավոր է, որ Արմեն Չախալյանն է մեղավորը:

Վահագն Չախալյանն ընդգծեց, որ ինքը վստահ է, որ եղբայրն անմեղ է: «Եթե դատարանը մի փոքր կապ ունենա արդարադատության հետ, Արմենին պետք է ազատ արձակեն: Ես քրեական մասով եմ ասում` հիմնվելով իր դեմ հարուցված քրեական գործի մեղադրականի վրա»,- ասաց ջավախահայ քաղաքական գործիչը:

Հիշեցնենք, որ հունիսի 28-ին Նինոծմինդայի շրջանի Գոնդուրա գյուղում միջադեպ էր տեղի ունեցել և Վրաստանի իրավապահ մարմինները երիտասարդների էին բերման ենթարկել: Նրանց թվում էր նաև ջավախահայ ակտիվիստ, նախկին քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի եղբայրը` Արմեն Չախալյանը, ով գնացել էր վեճը հարթելու: Հուլիսի 1-ին դատարանը Արմեն Չախալյանին նախնական երկու ամսով կալանավորելու որոշում էր կայացրել: