6 հուլիսի 2013 - 10:53 AMT
Ստյոպա Սաֆարյանը Բեռլինում ներկայացրել է Կովկասում անվտանգության միջավայրն ու դրա մարտահրավերները

«Ժառանգություն» կուսակցության վարչության գլխավոր քարտուղար, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը հուլիսի 2-3-ը Բեռլինում մասնակցեց «Եվրոպայում սովորական սպառազինությունների վերահսկողության ապագան» թեմայով երկօրյա միջազգային խորհրդաժողովին, որը համատեղ կազմակերպել էին Գերմանիայի ԱԳՆ-ն, Բեռլինի «Անվտանգության քաղաքականության» ակադեմիան, Համբուրգի համալսարանի «ԵԱՀԿ հետազոտությունների կենտրոնը», «Խաղաղության ուսումնասիրությունների և անվտանգության քաղաքականության ինստիտուտը»:

Բեռլինում կազմակերպված «ուղեղային գրոհը» Կիևի ու Վարշավայի խորհրդաժողովների յուրօրինակ շարունակությունն էր, որին մասնակցում էին ՆԱՏՕ-ի և ԵԱՀԿ անդամ երեք տասնյակ երկրներից ժամանած վաթսունից ավելի դիվանագետներ`դեսպաններ, ԱԳՆ վարչությունների ղեկավարներ (track 1 diplomacy) և անկախ փորձագետներ (track 2 diplomacy): Խորհրդաժողովի նպատակն էր առավել խորը հասկանալ տարբեր երկրների դիրքորոշումները` «Եվրոպայում սովորական սպառազինությունների վերահսկողության պայմանագրի» նոր կամ թարմացված տարբերակի, դրա նպատակների ու գործողության շրջանակի, դրա շուրջ ընդհատված բանակցությունները վերսկսելու, համաեվրոպական ու վերտարածաշրջանային պայմանակարգերի հարցերի շուրջ: Սաֆարյանը մի շարք ելույթներ ու հարցապնդումներ է ունեցել նշված թեմաներով` ներկայացնելով Կովկասում անվտանգության միջավայրն ու դրա մարտահրավերները, Ադրբեջանի կողմից սպառազինությունների թույլատրված չափաքանակների գերազանացումը` հատկապես վերջին, մեկ մլրդ դոլար արժողությամբ հարձակողական սպառազինության ձեռքբերման Մոսկվա-Բաքու գործարքի համատեքստում: Սաֆարյանը կարևորել է չճանաչված կամ մասնակի ճանաչված պետությունների մասնակցությունը նոր պայմանակարգին ոչ միայն վերտարածաշրջանային, այլև համաեվրոպական մակարդակում, ներկայացրել հայաստանյան մոտեցումները այդ խնդիրների առնչությամբ, հայտնում է «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունը: