23 փետրվարի 2006 - 19:17 AMT
Հայաստանի երիտասարդությունը կոչ է անում միջազգային կազմակերպություններին դատապարտել Նախիջեւանում կատարված բարբարոսությունը
«Մենք դատապարտում ենք Հին Ջուղայի պատմամշակութային կոթողների ոչնչացումը եւ պահանջում ենք միջազգային կազմակերպություններից հրաժարվել երկակի չափանիշների քաղաքականությունից եւ քաղաքական գնահատական տալ արդեն շուրջ երկու տասնամյակ շարունակվող բարբարոսությանը»,-ասվում է Հայաստանի երիտասարդական եւ ուսանողական մի շարք կազմակերպությունների հայտարարության մեջ: Երիտասարդները դատապարտել են նաեւ Ադրբեջանի ոճրագործությունները Սումգայիթում, Դաշտավայրային եւ Լեռնային Ղարաբաղում եւ այլուր: Ադրբեջանի պաշտոնական, մտավորական եւ հասարակական շրջանակներում տիրող մթնոլորտը ներծծված է շովինիստական, ռասիստական եւ հակահայկական տրամադրություններով: Արցախում զինված հակամարտության սառեցումից 12 տարի անց շարունակում են կոչեր հնչել Լեռնային Ղարաբաղը ռազմական ճանապարհով վերադարձնելու եւ հայերին բնաջնջելու մասին: Այն պայմաններում, երբ ադրբեջանական իշխանությունները եւ նրանց քարոզչության ազդեցության տակ գտնվող հասարակությունը պատրաստ չեն փոխըմբռնման եւ խաղաղ գոյակցության, անհանդուրժող են այլ մշակույթների եւ կրոնի հանդեպ, մենք, Հայաստանի երիտասարդական եւ ուսանողկան կազմակերպություններս, բացառում ենք Լեռնային Ղարաբաղի խնդրի այլ լուծումը, քան անկախությունը Ադրբեջանից: Մենք հավաստիացնում ենք, որ պատրաստակամ ենք եւ վճռական պաշտպանելու մեր ժողովրդի նյութական եւ հոգեւոր արժեքները, ինչը հայ երիտասարդությունն ապացուցել է դեռեւ մեզ պարտադրված Արցախյան պատերազմի ժամանակ»,-նշվում է հայտարարության մեջ, որը ստորագրել են 30 ուսխորհրդներ եւ կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների երիտասարդական կառույցներ: