24 փետրվարի 2006 - 14:23 AMT
ԼՂՀ նախագահ. «Մեր բանակը մեր անկախության եւ անվտանգության ամենազորեղ երաշխավորն է»
Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը համոզված է, որ «սահմանները հուսալի ձեռքերում են, եւ մեր բանակը մեր անկախության եւ անվտանգության ամենազորեղ երաշխավորն է»: Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանը նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղն այսօր ունի միջազգային չափանիշներին համապատասխանող բանակ: «Մեր բանակի մասին գիտեն բոլորը` ե'ւ մեր հակառակորդը, ե'ւ միջնորդները, ե'ւ ողջ աշխարհը: Դա իրոք մի բանակ է, որն ի վիճակի է պաշտպանել հայրենիքը»,-հայտարարել է նախագահը: Մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությունը Ռոբերտ Քոչարյանին Մոսկվա հրավիրելու վերաբերյալ ղարաբաղյան հակամարտության շուրջ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով` Ա.Ղուկասյանն ասել է.«Դա բնական է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին մասնակցող համանախագահող երկրները խորհրդակցում են հակամարտության կողմերի հետ, եւ ես ողջունում եմ այն, որ հերթական խորհրդակցություններ անցկացնելու մասին միտքն արտահայտվել է նման բարձր մակարդակով», հաղորդում է Karabakh-online-ը: