12 հուլիսի 2013 - 13:38 AMT
Ֆրանսիայի դեսպան. ԵՄ-ն ոչ մի դեպքում ոչինչ չի պարտադրում Հայաստանին

ՀՀ-Եմ հարաբերություններում Հայաստանը կարողացել է զգալի առաջընթաց գրանցել, իսկ Ասոցացման համաձայնագիրը նոր թափ կհաղորդի այդ հարաբերություններին։ Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն:

«Հայաստանն աշխարհաքաղաքական տեսանկյունից փակ է, և բնական է, որ ցանկանում է բաց տեսնել իր սահմանները բոլոր ուղղություններով: Սա այն աշխատանքն է, որին ուղղված է հայկական դիվանագիտության գործունեությունը»,- նկատեց դեսպանը: Նա նշեց, որ ԵՄ հետ համագործակցությունը ոչ մի կերպ չի կարող խոչընդոտել այլ երկրների հետ հարաբերություններին:

«ԵՄ-ն ոչ մի դեպքում ոչինչ չի պարտադրում Հայաստանին։ Ինչ վերաբերում է գործընթացների առաջընթացին, ամեն ինչ տեղի է ունենում երկխոսության և համաձայնության արդյունքում»,- ասաց նա։

Անդրադառնալով հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկա փուլին, դեսպանը նշեց, որ այն բոլոր ոլորտներում բարձր մակարդակի վրա է. «Տարի չկա, որ չգրանցվեն պետական բարձր պաշտոնյաների մակարդակով հանդիպումներ։ Տնտեսական հարաբերությունները նույնպես բարձր մակարդակի վրա են, Ֆրանսիան համարվում է արևմտյան թիվ մեկ ներդրողը Հայաստանում»: Դեսպանը հույս հայտնեց, որ ապագայում նոր նախաձեռնություններ և տնտեսական համագործակցություններ կլինեն: