25 փետրվարի 2006 - 14:20 AMT
Ի. Ալիեւը «մտադիր է ապահովել» Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունը
Ադրբեջանը «կապահովի Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի անվտանգությունը, բայց չի համաձայնվի Լեռնային Ղարաբաղի անջատմանը Ադրբեջանից»: Այդ մասին թուրքական NTV հեռուստաընկերությանը տված հարցաձրույցում հայտարարել է նախագահ Իլհամ Ալիեւը: «Մենք ոչ մի դեպքում չենք համաձայնվի Լեռնային Ղարաբաղի անջատմանը Ադրբեջանից, քանի որ այնտեղ ապրել են մեր նախնիները: Հայերը Լեռնային Ղարաբաղ են եկել որպես հյուր»,- հայտարարել է նա: Նրա խոսքերով, «Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի անվտանգությունը, հանգիստ կյանքը կարող են ապահովված լինել»: «Սակայն Ադրբեջանի տարածքային անբողջականությունը բանակցությունների առարկա չէ: Ադրբեջանը ետ չի կանգնի իր դիրքորոշումից»,- հայտարարել է Ալիեւը: Ադրբեջանի ղեկավարը նշել է, որ «Պրահայի գործընթացը» ֆորմատը, որի շրջանականերում վերջին երկու տարիների ընթացքում անցնում են բանակցությունները, ընդհանուր առմամբ «խաղաղ համաձայնագրի ստորագրման համար դրական երաշխիք է», քանի որ ապահովում է հարցի կարգավորման փուլային ճանպարհը:
Պատասխանելով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցով այդ տարածքի բնակչության մեջ հանրաքվեի անցկացման պայմանի վերաբերյալ հարցին, Ալիեւը նշել է, որ «Ադրբեջանի սահմանադրության համաձայն, հանրաքվե կարող է անցկացվել միայն ամբողջ երկրով մեկ, այլ ոչ թե ինչ-որ առանձին վերցված շրջանում»: «Մենք այդ հարցը կարող ենք լուծել եւ միջազգային նորմերի հիմքի վրա ,եւ միեւնույն ժամանակ Ադրբեջանի սահմանդրության շրջանակներում»,- ասել է նախագահը: Նրա խոսքերով, բանակցությունների շրջանակներում առաջարկված փաստաթղթերում, որոշված են փուլերը: «Նախ, Լեռնային Ղարաբաղից դուրս գտնվող բոլոր հողերը պետք է ազատագրվեն, եւ Հայաստանի օկուօպացիոն ուժերը պետք է դուրս հանվեն այդտեղից: Ապա, պետք է ապահովվի Լեռնային Ղարաբաղի հայ եւ ադրբեջանական բնակչության անվտանգությունը, որոնք կվերադառնան օկուպացված տարածքներ: Քննարկվել է այնտեղ խաղաղապահ ուժերի տեղակայման հարցը: Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարությունները հեռանկարում բանակցություններ կկազմակերպեն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման վերբերյալ»,- ասել է Ալիեւը: Ադրբեջանի նախագահը նշել է, որ «այդ գործընթացին կմիանան Լեռնային Ղարաբաղում բնակվող մարդիկ, ինչպես նաեւ մինչեւ հակամարտությունը այդ տարածքում բնակված հայերն ու ադրբեջանցիները»: