ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցության խմբի համանախագահ Մայքլ Գրիմմը հուլիսի 24-ին Կապիտոլիումի բլրում կներկայացնի Ռենդի Բելլի և Էրիկ Խաչիկյանի «Ճամփորդություն Ամասիա» ֆիլմը: Այդ մասին հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA):
«Արվեստը, մասնավորապես, կինոն, գնալով Կոնգրեսի հետ Հայոց ցեղասպանության հարցի շուրջ շփման առավել հզոր ու արդյունավետ միջոց է դառնում: Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Գրիմմին այդ ֆիլմի ցուցադրությունը կազմակերպելու համար և մեր երախատագիտությունը հայտնել Էրիկին ու Ռենդիին այդ հիանալի ֆիլմի համար»,-ասել է ANCA գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ Տորոնտոյում 2011թ. դեկտեմբերին, որտեղ ֆիլմն արժանացավ մրցանակի որպես լավագույն փաստագրական ֆիլմ: Ֆիլմը ներկայացվել է նաև «Ոսկե ծիրան» կինոփառատոնում և Սիդնեյի փառատոնում: Ֆիմի հեղինակը՝ կոմպոզիտոր Էրիկ Վ. Խաչիկյանը վերադառնում է իր հին տունն Ամասիայում, որտեղից 100 տարի առաջ բռնագաղթվել է նրա տատը Ցեղասպանության ժամանակ: Ոգեշնչված մեկ ընտանիքի պատմությամբ ֆիլմի հեղինակները սեփական ճամփորդությունն են սկսում: