18 հուլիսի 2013 - 15:58 AMT
Իրակլի Ալասանիա. Հայ-վրացական հարաբերությունները մեզ համար առաջնային են

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 17-ին պաշտոնական այցով մեկնել է Թբիլիսի:

Այցի ընթացքում Սեյրան Օհանյանը հանդիպում Է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի հետ: Հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսում Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան ընդգծել է, որ հայ-վրացական հարաբերությունները Վրաստանի կառավարության համար առաջնային են և կարևոր նշանակություն ունեն տարածաշրջանային անվտանգության ապահովման համար:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի պաշտպանության նախարարին` մեր հրավերն ընդունելու համար: Ցանկանում եմ հատկապես ընդգծել այն պատմական, բարեկամական և եղբայրական հարաբերությունները, որոնք կապում են հայ և վրացի ժողովուրդներին: Այսօրվա հանդիպման ընթացքում քննարկել ենք երկկողմ համագործակցությունը և պայմանավորվել ենք, որ այն կընթանա ըստ ծրագրի, որն ընդունել ենք 2013թ:

Խոսել ենք նաև այն առաջնահերթությունների մասին, որոնք կնշանավորվեն մեր երկրներում 2014թ: Ցանկանում եմ հատկապես շեշտել, որ հայ-վրացական հարաբերությունները մեր կառավարության համար առաջնային են: Դրանք կարևոր դեր են խաղում նաև տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում»,-հայտարարել է Իրակլի Ալասանիան:

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր հերթին հայտնել է, որ կողմերը քննարկել են Հարավային Կովկասում առկա անվտանգության խնդիրները. «Մենք մեծ նշանակություն ենք տալիս Վրաստանի հետ հարաբերություններին, քանի որ մեր երկրները կապված են պատմական և բազմադարյան բարեկամությամբ: Կարծում եմ, որ այդ հիմքերը մեզ համար որոշակի ազդակ կլինեն` պաշտպանական ոլորտում մեր հարաբերությունների զարգացման մեջ»,- ընդգծել է Ս. Օհանյանը:

Նախարարը ընդգծել է նաև, որ 2011թ.-ից Վրաստանի և Հայաստանի միջև պաշտպանական ոլորտում համագործակցությունը զարգանում է դինամիկ: Այն նախատեսում է փորձի փոխանակում զինծառայողների պատրաստման և ռազմական կրթության ոլորտում: