
Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն աջակցում է Հայաստանում գործող առաջատար վարկային կազմակերպությանը ընդլայնելու վարկավորման ծավալները՝ միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին ֆինանսավորում տրամադրելու նպատակով, ինչը կնպաստի վերջիններիս գործունեության ընդլայնմանը, աշխատատեղերի ստեղծմանը և աղքատության մակարդակի նվազեցմանը:
IFC-ն «ՖԻՆՔԱ» ունիվերսալ վարկային կազմակերպությանը կտրամադրի վարկ 4 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ ՝ միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին և ձեռներեցներին ֆինանսավորելու նպատակով: Փոքր ձեռնարկությունների ֆինանսավորումը կնպաստի երկրի տնտեսական աճին: IFC-ի կողմից ազգային արժույթով ֆինանսավորման տրամադրումը կօգնի նաև ՖԻՆՔԱ կազմակերպությանը նվազեցնել արտարժույթի հետ կապված ռիսկերը:
«ՖԻՆՔԱ» կազմակերպության գլխավոր տնօրեն Երվանդ Բարսեղյանի խոսքերով «Ֆինանսական ծառայությունների տրամադրման միջոցով «ՖԻՆՔԱ» կազմակերպությունը հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանի անապահով համայնքների համար` բարելավելու իրենց կյանքի պայմանները:»
«Միկրոֆինանսավորումը հնարավորություն է տրամադրում նվազագույն եկամուտ ունեցող գործարարների համար, որոնք չունեն ֆինանսավորման այլ տարբերակներ,» - ասել է Թոմաս Լյուբեքը՝ IFC Հարավային Կովկասի տարածաշրջանի տնօրենը: «ՖԻՆՔԱ» կազմակերպության հետ համագործակցության միջոցով մենք ընդլայնում ենք ձեռներեցներին մատուցվող ֆինանսական ծառայությունները՝ օգնելով ձեռնակությունների զարգացմանը և Հայաստանի մարզերի համայնքներում աշխատատեղերի ստեղծմանը»: