18 հուլիսի 2013 - 17:43 AMT
ՌԴ Օմբուդսմենը պաշտոնապես արձագանքել է Հրաչյա Հարությունյանի հետ տեղի ունեցածին

Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատար Վլադիմիր Լուկինը չնայած այս օրերին գտնվում է արձակուրդում, այդուհանդերձ հանձնարարել է հրատապ արձագանքել Հայաստանի Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի գրությանը, որը վերաբերում էր Նոր Մոսկվայի մերձակայքում տեղի ունեցած ավտովթարից հետո կալանավորված ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին: Կարեն Անդրեասյանին ուղղված պաշտոնական գրության մեջ նշված է, որ Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատարը բարձր է գնահատում մեր պետությունների իրավապաշտպան կառույցների միջև սերտ համագործակցությունը:

Ռուսաստանի Օմբուդսմենը նաև հայտնել է, որ «Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատարի մասին» ֆեդերատիվ օրենքի համաձայն` գործին պատշաճ ընթացք տալու համար անհրաժեշտ է Հրաչյա Հարությունյանի ֆորմալ դիմումի առկայությունը:

Նշված ֆորմալ դիմումի առկայության ապահովման նպատակով Հայաստանի Օմբուդսմենի խորհրդական Երանուհի Թումանյանցը Հրաչյա Հարությունյանի փաստաբանին է փոխանցել այդ ֆորմալ դիմումի նախագիծը, որում հատկապես շեշտվածեն երկու խնդրահարույց հարցեր. այն է` ինչ պայմաններում ու ինչ հանգամանքների ուժով է Հրաչյա Հարությունյանը նման նվաստացուցիչ պայմաններում բերման ենթարկվել դատարան և արդյոք Հրաչյա Հարությունյանի առողջական վիճակը թույլ էր տալիս նրան տեղափոխելու քննչական մեկուսարան:

Հիշեցնենք, որ ողբերգական ավտովթարը տեղի է ունեցել հուլիսի 13-ին` Նոր Մոսկվայի մերձակայքում: Բեռնատարի վարորդը, դուրս գալով երկրորդական ճանապարհից, բախվել է մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով 18 մարդ է զոհվել: