19 հուլիսի 2013 - 12:33 AMT
Ա. Մելցև. Ոչ մի սարսափելի բան չկա նրանում, որ Հրաչյա Հարությունյանը հոգեբուժական բաժանմունքում է

Մոսկվայի մերձակայքում տեղի ունեցած վթարից հետո ձերբակալված հայ վարորդին տեղափոխել են «Բուտիրկա» բանտի հոգեբուժական բաժանմունք: Նրան այնտեղ են տեղափոխել գործի բնույթից ելնելով: Հարչյա Հարությունյանին դատաբժշկական փորձաքննության կենթարկեն, քանի որ հայտնի է, որ նա դեռ ՃՏՊ-ից առաջ ունեցել է գլխի վնասվածք: Այս մասին այսօր PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հրաչյա Հարությունյանի փաստաբանը՝ Ալեքսանդր Մելցևը:

«Նա այժմ գտնվում է բժիշկների հսկողության տակ, այդտեղ սարսափելի ոչինչ չկա, հակառակը՝ շատ լավ է: Այնտեղ շատ լավ պայմաններ են, այնպիսի պայմաններ, ինչպիսիք սովորական հիվանդասենյակներում են: Նրա հիվանդասենյակում հեռուստացույց կա և առաջին անհրաժեշտության այլ պարագաներ»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ Հրաչյա Հարությունյանի հետազոտությունը 21 օր կտևի և մի քանի օր էլ անհրաժեշտ կլինի հետազոտության արդյունքները պատրաստելու համար:

Մելցևը նաև հայտնեց, որ Հարությունյանի հիվանդասենյակում ևս մի մարդ կա, որը նույնպես ՀՀ քաղաքացի է: Ինչ վերաբերում է Հարությունյանի հոգեվիճակին, փաստաբանն ասաց, որ այն համեմատաբար կայունացել է: Մելցևի խոսքով, երեկ իր հետ զրույցում Հարությունյանը խնդրել է հարազատներին փոխանցել, որ չանհանգստատան իր համար:

Հարությունյանի հնարավոր էքստրադիցիայի մասին հարցին փաստաբանը պատասխանեց. «Օրենքն այս փուլում դա չի նախատեսում: Վթարը տեղի է ունեցել ՌԴ տարածքում և դատական պրոցեսն էլ կընթանա այստեղ, բայց՝ ըստ օրենքի, դատավճռից հետո նա պատիժն իր երկրում կրելու հնարավորություն ունի»:

Փաստաբանը նաև ավելացրեց, որ այժմ այդ մասին վաղ է խոսել, քանի որ դատավճիռ դեռ չկա, և նրան մեղավոր չեն ճանաչել:

Հիշեցնենք, որ ողբերգական ավտովթարը տեղի է ունեցել հուլիսի 13-ին` Նոր Մոսկվայի մերձակայքում: Բեռնատարի վարորդը, դուրս գալով երկրորդական ճանապարհից, բախվել է մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով 18 մարդ է զոհվել: