19 հուլիսի 2013 - 17:13 AMT
Հրաչյա Հարությունյանի փաստաբանը բժիշկների և ոստիկանների դեմ բողոք է ներկայացրել

Նոր Մոսկվայի մերձակայքում տեղի ունեցած վթարից հետո ձերբակալված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի փաստաբանը բողոք է ներկայացրել ոստիկանության աշխատակիցների և բժիշկների դեմ, որոնց պատճառով նրա պաշտպանյալը դատարանի դահլիճում էր հայտնվել կանացի խալաթով: Այս մասին РАПСИ գործակալությանը հաղորդել է Էրիկ Չաբանովը, ով ևս Հարությունյանի շահերի պաշտպանությամբ է զբաղվում: Նրա խոսքով՝ Ալեքսանդր Մելցևը երկու բողոք է ներկայացրել ՝առաջինը ոստիկանության, մյուսը՝ բժիշկների դեմ: ՌԴ օրենքի համաձայն՝ պատասխանը պետք է ուղարկվի 10 օրվա ընթացքում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հիշեցնենք, որ ողբերգական ավտովթարը տեղի է ունեցել հուլիսի 13-ին` Նոր Մոսկվայի մերձակայքում: Բեռնատարի վարորդը, դուրս գալով երկրորդական ճանապարհից, բախվել է մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով 18 մարդ է զոհվել:

Հրաչյա Հարությունյանին դեպքից հետո դատարանի դահլիճ էին տարել կանացի խալաթով: Նրա փաստաբանները պնդում են, որ իրենց պաշտպանյալին նվաստացրել են: