2 մարտի 2006 - 16:06 AMT
Փոխզիջման համար ղարաբաղյան հակամարտության կողմերից պահանջվում է վճռականություն եւ քաղաքական կամք
Հայաստանն ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու համար պահանջվող քաղաքական կամքը: Այդ մասին հայտարարել է Գերմանիայում պաշտոնական այցով գտնվող ՀՀ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի հետ հանդիպումից հետո, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նրա խոսքերով, Լեռնային Ղարաբաղի հարցը հնարավոր է կարգավորել միմիայն խաղաղ ճանապարհով եւ փոխադարձ զիջումներով, որի համար երկու կողմերից պահանջվում է վճռականություն եւ քաղաքական կամք: ՀՀ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը ավելացրեց, որ 2006 թվականը խնդրի կարգավորման առումով բարենպաստ տարի է: Վարդան Օսկանյանը ծանոթացրեց Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերին հակամարտության կարգավորման գործընթացի վերջին մանրամասներին: Այնուհետեւ նախարարներն անդրադարձ կատարեցին Հարավային Կովկասում եւ ամբողջությամբ տարածաշրջանում ստեղծված վիճակին եւ զարգացման հեռանկարներին: Կողմերը դրական գնահատեցին Եվրոպական նոր հարեւանության քաղաքականության մեջ Հարավային Կովկասի, մասնավորապես Հայաստանի ներառման եւ ԵՄ գործողությունների ծրագրի ընձեռած հնարավորությունները տարբեր ուղղություններով եվրոպական երկրների հետ համագործակցության հետագա խորացման առումով: Մարտի մեկին Վարդան Օսկանյանը նաեւ հանդիպել է Գերմանիայի կանցլերի արտաքին քաղաքականության եւ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Քրիստոֆ Հոյսգենի հետ եւ ելույթով հանդես եկել ԳԴՀ Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամում «Անկանխատեսելիության դեմ. Պետականության շինարարությունը Կովկասում» թեմայով, եւ պատասխանել ներկաների հարցումներին: Վ. Օսկանյանը Բեռլինում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում աշխատանքային հանդիպում ունեցավ նաեւ Գերմանական Մարշալ Հիմնադրամի ներկայացուցիչների հետ: